Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Առաջիկա 5 տարում Սերժ Սարգսյանը երկիրը կպահի կայուն ծանր վիճակում »

Փետրվար 08,2013 23:38

Հոգեբան Աշոտ Հակոբյանի գնահատմամբ, այսօր Հայաստանի Հանրապետության վիճակը  ծանր կայուն է

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը  կարծիք հայտնեց, որ մեր երկրում   հասարակության գրեթե բոլոր անդամները ձգտում են պահպանել ստեղծված իրավիճակը` բացառելով բոլոր տեսակի փոփոխությունները: «Ամբողջ հասարակությունը հենց այսպես էլ մտածում է, հայ մարդու գործողությունների  առանցքում հետևյալ դատողությունն է`  վերքիս ձեռք մի տվեք, թողեք էսպես էլ մնա, ես չեմ վստահում որևէ մեկին, որ իմ վիրակապը հանի ու փորձի վերքս մշակել: Էս պահին ոչ մեկին չեմ վստահում, թեկուզև գիտեմ, որ վիրակապի տակ գուցե և ծանր գործընթացներ են, ցավոտ է , բայց քանի որ ես  չեմ գտել այն բժշկին, որ վստահեմ իմ դարդն ու ցավը, հետևաբար և թողեք էսպես մնա: Այսինքն մենք կայուն ծանր վիճակում ենք, միջամտություն էս պահին չպետք է անել», -բնութագրում է հոգեբանը:

Մեր զրուցակցի համոզմամբ, ցավալիորեն կայուն ծանր վիճակը դեռ կշարունակվի , քանի դեռ չի եկել այն պահը, որ բոլորը վերագնահատեն իրենց գործողությունները, ցույց տան հայրենանվեր լինելը: Ըստ Աշոտ Հակոբյանի,  Հայաստանում շատերն են  խոսում  համակարգային  փոփոխություններից ` առանց պատկերացնելու, թե դա ինչ է: Իսկ ամենաողբերգական այն է, որ քաղաքական կուսակցությունները գոյություն  ունեն միայն երևակայության մեջ, քաղաքական գործիչներն էլ չեն կարողանում  գոնե հստակ ներկայացնել   իրենց քաղաքական գաղափարները:

«Քո գաղափարական ընկալումների մեջ դու պիտի կուսական վիճակ ունենաս, և եթե   կուսակցական ես , ապա այդ  գաղափարաբանությունից  չպիտի շեղվես: Հայրերեն բառը ինքը հուշում է, որ կուսակցությունը  կույս  բառից է,  մեջ կուսական վիճակ պիտի ունենաս, միչդեռ  կուսակցական տեսանկյունից դարձել են մեկ-մեկ անբարոներ, հռչակում են մի բան, վարվում են  ուրիշ կերպ: Դա նույն է, որ եկեղեցու քահանաները, որոնք  մտնում են միաբանության մեջ, կուսակրոն են համարվում,  արդեն ինքը աբեղա է, կուսական վիճակի մեջ է իր հավատքների ընկալումների, վարկի, ապրելու ձևի տեսանկյունից: Վարդապետական գիտելիքների հարաբերությամբ քահանան չի զիջում աբեղային, բայց սա քահանա է կոչվում, սա կոչվում է կուսակրոն աբեղա: Այ,քաղաքական գործիչը սովորական  քաղաքացին չէ, ինքը կուսակրոն է իր գաղափարական ընկալումների մեջ և հանկարծ տանը նստած հայտնաբերել է, որ ինքը ասենք ազգային պահպանողական գաղափարի կրողն է»:

Իսկ ինչպե՞ս  է գնահատում  իշխող կուսակցության դիրքերը Շիրակի մարզում, համամի՞տ է հնչող այն տեսակետների  հետ, թե մեծամասամբ երևելիներին են փորձում ընդգրկել այս կուսակցության շարքերը, մեր զրուցակիցն ասաց. «Ստիպված եմ նորից կրկնել, ես չեմ գտնում, որ կան կուսակցականներ, սա է խնդիրը: Եթե  խոսքը Հանրապետական կուսակցության մասին է, ինչքան ես եմ հասկանում,  գիտեմ, այս կուսակցությունը ազգային-պահանողական կուսակցություն է, բայց իր գործողությունների մեջ ազգային-պահպանողական ուղեգծի ոչ մի դրսևորում չեմ տեսնում: Այս կուսակցությունը իրոք  կարող էր շահեկան ծառայել   հասարակության համախմբմանը,  բայց դուք տեսե՞լ եք դա, մեր տեսածը եվրոպական արժեքների ներմուծում, բավականին վթարված  կրթական  համակարգ, բավական վթարված մշակութային  հարաբերություններ և այլն են: Եվ սա արել են ազգային պահպանողական գործիչնե՞րը, ծիծաղելի է ուղղակի: Շատերին ճանաչում, հարգում  ու ընդունում ես որպես մարդ, բայց ասում ես` եղբայր, դու ո~ւր, կուսակցությունն ո~ւր: Հասկանում ես, որ նա սրանով լուծում իր սոցիալական պաշտպանվածության խնդիրը, ներանձնային  խնդիրը , բայց պետք է կանգնենք, էսպես ո՞ւր ենք գնում»,- հարցնում է  հոգեբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    սս-ի ծրագիրը,՝ երկրի կործանման ծրագիրն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728