«Հանրապետական թեկնածուին հարցրեք՝ ի՞նչ նախանշաններ կան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Առայժմ պարզապես դատարկ հայտարարություններ են: Բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ ստվերում ամբողջ իշխանական ռեսուրսը նորից մոբիլիզացված է, բնակչության հետ նախապես ցուցակներ կազմելու, փող բաժանելու այս բոլոր գործընթացները կան»,- անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի պնդումներին, թե ամեն ինչ անելու են՝ այս ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ասաց ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող
Կարապետ Ռուբինյանը:
Նա այսօր նույնպես մասնակցում էր «Վերջ ռեժիմին» պահանջով կազմակերպված ակցիային:
Ակցիայի մասնակիցներից Արթուր Ղազարյանն էլ ՝ «Վերջ ատկատներին, վերջ ռեժիմին» ցուցապաստառը ձեռքին ներկայացրեց ռեժիմին վերջ տալու իր տարբերակը. «Ռեժիմին վերջ է տրվում ընտրությունների ժամանակ, բայց քանի որ մեզ մոտ ամեն ինչ խեղաթյուրված է, ընտրությունները մեզ մոտ սկսում են չաշխատել: Դրա համար կազմվել է օղակ կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչեւ եվրոպական դիտորդների կենտրոն: Սա կխորհրդանշի կեղծարարների կապը՝ ընտրական հանձնաժողովի եւ եվրոպական դիտորդների»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ակցիան անցավ ոստիկանների եւ ակտիվիստների բախումներով: Ոստիկանները ժամանակ առ ժամանակ քաշքշում էին ակտիվիստներին՝ թույլ չտալով բարձրանալ նախագահական նստավայր:
Կարդացեք նաև
Երկար բանակցություններից հետո ոստիկանները թույլ տվեցին, բայց պայմանով, որ նրանք կբարձրանան դիմացի մայթով: Հիսունից ավելի ոստիկանները աշխատում էին իրենց ղեկավարների հստակ կարգադրությամբ:
Իսկ ոստիկաններից մեկին, հրահանգող ղեկավարը սպառնաց հեռացնել աշխատանքից. «Ո՞ր ես 16, ես քեզ հիմա կհեռացնեմ աշխատանքից»:
Ի դեպ, այսօրվա ակցիային հայտնվեց նաեւ Սերժ Սարգսյանի գովքը անող հայտնի տիկինը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ