Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամսոն Խոջոյան. «Երեխաներին գիտելիքախեղդ են անում»

Փետրվար 08,2013 20:06

Դասագրքերը ծանրաբեռնված են փաստերով

Տավուշի մարզի Բերդավան գյուղից  պատմության բազմափորձ ուսուցիչ Սամսոն Խոջոյանի համոզմամբ՝ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական եւ ընդհանուր հոսքերի հայոց պատմության դասագրքերը խիստ ծանրաբեռնված են փաստական տվյալներով:

Նրա խոսքերով՝ 11-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի (գլխավոր խմբագիրներ` Աշոտ Մելքոնյան, Արամ Սիմոնյան)  1917-1920 թթ.  պատմության շարադրանքում օգտագործված է  մոտ 200 թիվ: Ս. Խոջոյանն ասում է, որ 10-րդ,11-րդ եւ 12-րդ դասարանների պատմության դասագրքերում, որոնք ընդհանուր առմամբ ունեն 580 էջ, օգտագործված է ընդհանուր առմամբ  մոտ 3000 թիվ, շուրջ  9000 անուն, անվանում,տեղանուն, դրանց հետ մեկտեղ  դասագրքերը լի են տարբեր հասկացություններով, պայմանագրերի եւ այլնի  մասին տեղեկություններով:

Իսկ բուհ ընդունվելու հարցաշարը դասագրքերի համեմատ բեռնաթափված  է ընդամենը 30-35 տոկոսով: «Երեխաներին գիտելիքախեղդ են անում, որի հետեւանքով նրանք պատանեկություն չեն վայելում»,-ասում է  բազմափորձ ուսուցիչը:

Նրա խոսքերով՝ աշակերտները  գերհոգնում են, քանի որ մյուս առարկաների ուսուցումը եւս մեծ ջանքեր է պահանջում:  Խոջոյանն  ուսուցումը համեմատում  է սնման հետ, որ թերսնումը պակաս վտանգավոր է, քան ավելորդ սնունդով  օրգանիզմը ծանրաբեռնելը:

Նա ասում է, որ մինչեւ ավագ դպրոցին անցնելը  դպրոցներում օգտագործվող,Վլադիմիր Բարխուդարյանի խմբագրությամբ  տպագրված 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանների պատմության դասագրքերում ընդհանուր առմամբ  մոտ 600 թիվ կար, այդ դասագրքերը  ծանրաբեռնված չէին: Սամսոն Խոջոյանը նշում է , որ հայոց պատմության դասագրքերը լի են անհարկի մանրամասնություններով, օրինակ դասագրքում  նշվում է, որ 1917 սեպտեմբեր-հոկտեմբերին կայացել է  արեւելահայության առաջին համագումարը, ստեղծվել է 35 հոգուց բաղկացած Ազգային ժողով, որն իր կազմից ընտրել է 15 անդամ ունեցող գործադիր մարմին՝ Ազգային խորհուրդ, որի նախագահն  էր Ավետիս Ահարոնյանը,քարտուղարը՝ Նիկոլ Աղբալյանը:  Դասագրքում նշված են բոլոր  15 անդամների անունները, թե նրանցից ով որ կուսակցությունից էր կամ՝ անկուսակցական: Ս. Խոջոյանի համոզմամբ՝ կարիք չկա այդքան մանրամասնելու, դասագրքերում  հիմնական,պարտադիր նյութը պետք է լինի ավելի խոշոր տառաչափերով, իսկ լրացուցիչ տեղեկատվությունը՝ ավելի մանր:  Ս. Խոջայանն ասում է, որ դասագիրք գրելու համար  յուրահատուկ տաղանդ է  հարկավոր,  դրանք  գրելիս պետք է հաշվի առնվեն երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական եւ այլ առանձնահատկություններ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728