Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ԿԸՀ-ն գրպանում է

Փետրվար 08,2013 18:15

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն ՀՀ-ն իրավական պետություն է, ինչը նշանակում է, որ պետք է գործի իրավական որոշակիության սկզբունքը, այսինքն՝ օրենքը պետք է լինի կանխատեսելի, որոշակի և հստակ, իսկ եթե այդպիսին չէ, ուրեմն նաև օրենք չէ: Նշված սկզբունքը, ի թիվս այլոց, կոչված է նաև կանխելու, բացառելու կամայականության վտանգը:

ԿԸՀ-ի կողմից կայացվող կամայական որոշումների թակարդը չընկնելու, դա կանխելու և որոշակիություն ապահովելու համար ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հետևյալ հարցմամբ դիմել էր ԿԸՀ-ին, խնդրելով հայտնել (պարզաբանել).

– նախագահի թեկնածուի լուսանկարով և անունով պաստառը, եթե դրա վրա չկա տվյալ թեկնածուի օգտին քվեարկելու կոչ, սակայն առկա է այդ թեկնածուի կարգախոսը (օրինակ` հնարավո՜ր է), հանդիսանո՞ւմ է, արդյոք, քարոզչական նյութ,

– նախագահի թեկնածուի անունով պաստառը, եթե դրա վրա չկա տվյալ թեկնածուի օգտին քվեարկելու կոչ, սակայն առկա է այդ թեկնածուի կարգախոսը, հանդիսանո՞ւմ է, արդյոք, քարոզչական նյութ:

Նույն հարցերը տրված են նաև տպագիր նյութերի վերաբերյալ:

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբում ստացվել է ԿԸՀ նախագահի պատասխանն այն մասին, որ քարոզչական պաստառներին և տպագիր նյութերին ներկայացվող բնութագրիչները և չափորոշիչները սահմանված են ՀՀ ընտրական օրենսգրքով, բնականաբար չնշելով օրենսգրքի որևէ հոդված, որում առկա են այդ բնութագրիչներն ու չափորոշիչները:

Ընտրական օրենսգրքով, սակայն, որևէ բնութագրիչ և չափորոշիչ սահմանված չէ, որով հնարավոր կլիներ ստանալ առաջ քաշված հարցերի պատասխանը, այսինքն՝ օրենսգրքում օգտագործվում են բացառապես` քարոզչական պաստառ, քարոզչական  տպագիր և այլ նյութեր եզրույթները, իսկ օրենսգրքի 20-րդ հոդվածն էլ սահմանում է, թե քարոզչական պաստառները որտեղ կարող են փակցվել և որտեղ` ոչ: Սակայն որևէ նշում չկա, թե ըստ բովանդակության ինչը կարող է լինել քարոզչական պաստառ և ինչը` ոչ: Դա նշանակում է, որ նախագահի թեկնածուի անունով և կարգախոսով պաստառը քարոզչական նյութ է, թե ոչ, որոշում է ԿԸՀ-ն, իր ճաշակով, ինչն էլ ցանկացել է պարզել Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը: Բանն այն է, որ կան տարածքներ, որտեղ արգելվում է քարոզչական նյութեր տարածելը, փակցնելը և այդպիսի տարածքներում քարոզչական նյութ տարածելու դեպքում գործում է Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի ռեժիմը և վարչական վարույթ է հարուցվում, իսկ եթե քարոզչական նյութ չէ` ապա սահմանափակում չկա:

Պատասխանում նաև նշվում է, որ ոչ ԿԸՀ-ն և ոչ էլ ԿԸՀ նախագահը. «Ձեր գրությամբ ներկայացված եղանակով պարզաբանումներ տրամադրելու լիազորությամբ օժտված չեն», որ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ԿԸՀ-ն կարծիք, առավել ևս պարզաբանում ներկայացնել չի կարող, քանզի յուրաքանչյուր դեպք, փաստ կարող է հանդիսանալ քննության առարկա և քննարկվել միայն դրա առկայության դեպքում և այն էլ, կոնկրետ դեպքին վերաբերող բոլոր փաստական հանգամանքների և ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում:

Ի՞նչ է ստացվում, հարցադրումը շատ պարզ ու կոնկրետ է. եթե պաստառի վրա առկա է նախագահի թեկնածուի անունը, լուսանկարն ու կարգախոսը կամ միայն անունն ու կարգախոսը, դա հանդիսանո՞ւմ է, արդյոք, քարոզչական նյութ, թե՝ ոչ:

ԿԸՀ-ն պատասխանում է ինչ- որ դեպքի փաստական հանգամանքի օբյեկտիվ քննության մասին, չտալով պարզագույն հարցի պատասխանը:

Ակնհայտ է, որ ԿԸՀ-ն կոնկրետ դեպքի, փաստական հանգամանքի մասին խոսելիս, նկատի ունի այն, թե նման պաստառն ում կողմից է օգտագործվում (օգտագործվելու)` իշխանական թեկնածուի, թե` Րաֆֆի Հովհաննիսյանի կամ մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի կողմից, ըստ այդմ էլ, մի դեպքում այդ պաստառը կհամարի քարոզչական նյութ, մեկ այլ դեպքում` չի համարի:

Ահա և իրավական որոշակիությունը ՀՀ-ում. ասում են` հիմա չենք ասի, գնացեք, մի 1000 օրինակ տպեք, տարածեք ու փակցրեք, մի խոսքով՝ լավ ծախս արեք, որից հետո կասենք, դա քարոզչական նյութ է, թե ոչ` հետևանքներով հանդերձ:

Այսպիսին է մեր ԿԸՀ-ն, որը փոխանակ պարզագույն հարցին պատասխանելով որոշակիություն մտցնի և նախագահի թեկնածուի համար հնարավորություն ստեղծի գործել օրենքի դաշտում, փիլիսոփայում է չգիտես թե ինչ:

 

Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728