«ԵՄ կենտրոնը աշխատելու է բուհերի ուսանողների եւ ավագ դպրոցների աշակերտների հետ` մեծացնելու նրանց իրազեկությունը Եվրոպական միության եւ Հայաստանում ԵՄ գործունեության մասին»,-այսօր Հայաստանում ԵՄ/Եվրոպական միություն/ կենտրոնի բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Դեսպանի համոզմամբ, կրթությունը ապագայի տոմսն է: Երիտասարդ սերնդի համար կարեւոր է հասկանալ այն ազդեցությունն ու հնարավորությունները, որոնցով ուղեկցվում է Եվրոպական միության հետ առավել սերտ ինտեգրումը:
Կրթության եւ գիտության նախարարության հետ գործակցությամբ ԵՄ կենտրոնը կաջակցի ուսուցիչներին մշակելու եւ ներդնելու ԵՄ-ը առնչվող դասընթացներ դպրոցներում եւ բուհերում: Կենտրոնը կաջակցի եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների ցանցի ստեղծմանը, որպեսզի երիտասարդները կարողանան ներկայացնել իրենց փորձն ու հաջողության պատմությունները ԵՄ-ում ուսանելու մասին:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ միայն կրթության բնագավառում է հնարավոր ծնել եվրոպական ինտեգրման երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր, որովհետեւ միայն կրթությունն է, որ թույլ է տալիս ստեղծել, կերտել, դաստիարակել մարդկանց սերունդներ.
Կարդացեք նաև
«Մենք ունենք արդեն Եվրոմիության հետ կրթության ոլորտում հաջողությունների պատմություն: Դրանք վերաբերում են թե հանրակրթության ոլորտին, թե միջին մասնագիտական ոլորտին, թե բարձրագույն հետբուհական եւ գիտական ոլորտներում ծավալած արդյունավետ եւ տարեցտարի թափ հավաքող ծրագրերին»:
Ծրագրի ղեկավար Էհթել Հալլիսթեի խոսքով՝ երիտասարդների հետ աշխատանքը միշտ փոխհատուցվում է.
«Մենք կգտնենք Եվրոպական միությունը հայաստանյան երիտասարդությանն առավել մերձեցնելու գրավիչ եւ մասնակցային ուղիներ: Ուսուցանելը նաեւ ուսանել է, ինչպես որ ուսանելը` ուսուցանել»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ