Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որպես քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում, մասնակցել է IFES (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ) «Հաղթանակը չի վաճառվում» արշավին:
Տեղեկացնելով այս մասին` ՀՖՖ պաշտոնական կայքը նշում է, որ արշավին մասնակցել են նաեւ Արթուր Աբրահամն ու Լեւոն Արոնյանը: IFES-ի հայաստանյան գրասենյակն այսօր պաշտոնապես շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին: Նամակում նշված է. «IFES- ը իր խորը երախտագիտությունն է հայտնում Ձեզ` «Հաղթանակը չի վաճառվում» արշավին մասնակցելու համար: Արշավ, որն անմիջականորեն կապված է Ձեր մասնագիտական նվաճումների, սկզբունքների եւ արժեքների հետ: Մենք համոզված ենք, որ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում հազարավոր քաղաքացիներ կառաջնորդվեն հենց այդ սկզբունքներով: Կրկին շնորհակալություն ենք հայտնում Ձեր քաղաքացիական գիտակցության համար եւ մաղթում նորանոր հաղթանակներ, որոնցով Հայաստանը հպարտանում է», – գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ