Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, քննության դրվեց «Ժողովուրդ» թերթի եւ նույն թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի միջնորդությունը, որով վիճարկվում է այս տարվա հունվարի 10-ին նույն դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից 3 միլիոն գումարի չափով խմբագրության գույքի վրա արգելանք կիրառելու որոշման իրավաչափությունը:
Խմբագրության ներկայացուցիչները՝ խմբագիր Թագուհի Թովմասյանը, լրագրող Սոնա Գրիգորյանը եւ փաստաբան Հարություն Բաղդասարյանը ներկայացրեցին հունվարի 10-ին դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նախնական նիստը, որի ժամանակ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի հայցով բավարարվել էր հայցվոր կողմի՝ Երեւանի թռչնաբուծական ԲԲ ընկերության հայցապահանջի՝ ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Փաստաբան-ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նախնական նիստը այդ հայցով նշանակվել է մարտին:
Ըստ թերթի ներկայացուցչի, դատարանը ոչ միայն գույքի վրա դրված արգելանքի չափը չի հիմնավորել, այլ հաշվի չի առել նաեւ այն հանգամանքը, որ ինչպես լրագրողի բնակության վայրը, այնպես էլ թերթը գրանցված են Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղում: Դրանով իսկ, խախտվել է գործի ընդդատյա լինելու պահանջը, եւ որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իրավասու չէր քննել այս հայցը:
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեզանում նախադեպ է ստեղծվում իրավախախտ գործարարների համար, որոնք հայհոյելով, սպառնալով լրագրողին, հետագայում դիմում են դատարաններ՝ արգելանք դնել: Ըստ խմբագրի, արգելանքի որոշումը իրենց մասնագիտական գործունեությունը սահմանափակելու նպատակ է հետապնդում:
Դատավորին հետաքրքրում էր, թե թերթը, թե լրագրողը փաստացի ո՞ր հասցեում են գործում, եւ որեւէ գործողություն նշյալ տարածքներում մինչ այս պահը իրականացվե՞լ է, թե՞ ոչ:
Երեւանի թռչնաբուծական ԲԲ ընկերության ներկայացուցիչ Հայկ Եգանյանը «Ժողովրդի» փաստարկները անհիմն համարեց:
Նա ասաց, թե խմբագրության փաստարկը, թե «արգելանքը դժվարացնում է մեր գործունեությունը», այնքան էլ իրական չէ, քանի որ փաստն այն է, որ «Ժողովուրդը» մինչ օրս լույս է տեսնում: Նա նաեւ վկայակոչեց թերթում իր ընթերցողներին արված հայտարարությունը, թե «Օրաթերթին ոչինչ չի սպառնում»: Հ. Եգանյանի կարծիքով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների խախտում տեղի չի ունեցել, եւ «թերթը նույն եռանդով ու նույն երեւակայությամբ շարունակում է աշխատել»: Տարօրինակ էր սակայն, որ իր առարկությունների հիմքում Հ. Եգանյանը վկայակոչեց մի քանի դատական գործերի մասին, որոնք «Ժողովրդի» դեմ են ներկայացվել, փոխհատուցման պահանջով:
Ուստի թերթի ներկայացուցիչ Հ. Բաղդասարյանը փորձեց իմանալ, թե ինչ կապ կար քննվող միջնորդության եւ այս գործերի միջեւ: Իսկ խմբագիրը հայտնեց, թե իրենք հաղթելու են, եւ այս ընթացքում էլ մոնիտորինգ է իրականացվում՝ թերթի տպաքանակի հետ կապված: Նա դրանով ակնարկեց, որ կդիմեն դատարան, եթե նման դատական գործընթացները ազդած լինեն տպաքանակի նվազմանը:
Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ