Ծայրամասային համարվող Շենգավիթ, Էրեբունի, Նոր Նորք վարչական շրջաններում հանգստյան գոտիներ կհիմնվեն, որտեղ կլինեն ջրավազաններ, խաղահրապարակներ, նստարաններ
Ամեն տարի քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի լինելու, սակայն, ընթացքում կառուցապատողների կողմից ականատես ենք լինում կանաչ գոտու ոչնչացմանը: Aravot.am-ի հարցին, թե այս տարվա ծրագրով կա՞ն նախատեսված խոշոր ծավալների շինարարություններ, որոնց պատճառով կոչնչացվեն կանաչ գոտիները, այսօր, քաղաքապետարանում կազմակերպված բրիֆինգի ժամանակ փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրեց` բացառվում է: Նրա պատասխանի մանրամասները` տեսանյութում.
Փոխքաղաքապետի ներկայացմամբ, հաստատվել է Երեւան քաղաքի 2013 թվականի զարգացման ծրագիրը: Այս տարի էլ մայրաքաղաքի ճանապարհները կվերանորոգվեն, կասֆալտապատվեն, մայթերը կնորոգվեն, կսալիկապատվեն, եզրաքարերը կփոխվեն: Կամո Արեյանի տվյալներով, ընդհանուր առմամբ կվերանորոգվի 30 փողոց: Վերգետնյա 8 անցում էլ կկառուցվեն այն փողոցներում, որոնց հարակից տարածքներում առկա են ուսումնական հաստատություններ: Խոշոր ծավալներով շինաշխատանքները կլինեն Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող մայրուղու եւ Լենինգրադյան փողոցում գտնվող թունելի կառուցումը:
Այս տարի քաղաքապետարանը ծրագրել է 830 միավոր սպորտային եւ 40 մանկական խաղեր բաժանել բակերում: Կամո Արեյանը վստահեցրեց, որ 2013-ին նույնպես կանաչապատելու եւ ծաղկեցնելու են վարչական շրջանները եւ ի տարբերություն նախորդ տարվա, ծայրամասային համայնքներին ավելի շատ են ուշադրություն դարձնելու: Ծայրամասային համարվող Շենգավիթ, Էրեբունի, Նոր Նորք վարչական շրջաններում հանգստյան գոտիներ կհիմնվեն, որտեղ կլինեն ջրավազաններ, խաղահրապարակներ, նստարաններ եւ այն:
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու համար լրացուցիչ աշխատուժ կպահանջվի սանմաքրման, կանաչապատման աշխատանքներ կատարելու համար, որոնցից բարձր հմտություններ չի պահանջվի:
Կամո Արեյանը վստահեցրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստումները` ավտոբուսների` 150 հազար դրամ աշխատավարձով վարորդների թափուր աշխատատեղի մասին, միանգամայն իրական են: Ըստ նրա, միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու՝ քաղաքապետարանի ծրագիրը ուժի մեջ է եւ հենց այդ ավտոբուսների համար էլ պահանջվում են վարորդներ` «Դ» կարգի որակավորմամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ