2011 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ մեկնարկած կասկածելի հանգամանքներում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը դեռ շարունակվում են:
«Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ով վարում է այս գործը, դատավորից վեր է ածվել մեղադրողի, վեր է ածվել բռնապետի: Մենք դիմել ենք պետական բարձրաստիճան այրերին` միջնորդելով, որ դատավոր Սամվել Մարդանյանի դեմ հարուցվի քրեական գործ: Մենք նման միջնորդությամբ հանդես էինք եկել նաեւ 4 ամիս առաջ»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով փետրվարի 5-ին կայացած դատական նիստի մանրամասներին` իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը ասաց, որ դեպքից հետո անձնակազմի վրայից վերցված բամբակե խծուծների հետազոտման արդյունքում պարզել է դարձել, որ անձնակազմի 11 անդամներից 7-ի վրա հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր:
Իրավապաշտպանի կարծիքով` սա միայն մի բան կարող է նշանակել` այն, որ անձնակազմի այդ 7 անդամները ներկա են եղել կրակոցի պահին:
Կարդացեք նաև
Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի` իրենք միջնորդել են, որ դատարան հրավիրվեն երկու դատաձգաբանական փորձագետներ, ովքեր պետք է
պարզաբանեին, թե որ դեպքերում են պղնձի արգասիքները պահպանվում մարդկանց վրա եւ որքան տեւողությամբ, սակայն դատախազը առարկել է միջնորդությունը եւ ստանձնելով փորձագետի դերը` փորձել է խծուծների ծագման վերաբերյալ մեկնաբանություններ անել:
«Դատավորը մտածեց, որ փորձագետներին դատարան հրավիրելու համար միջնորդության շուրջ երկար պիտի մտածի ու մոտ երեք, թե չորս ժամ գնաց խորհրդակցական սենյակ: Հետո շատ աշխույժ վերադարձավ ու մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց գործով իրավահաջորդի ներկայացուցիչը` հավելելով, որ դատավորը իրեն դատական դահլիճից դուրս է հարվիրել եւ զրկել մեկ նիստի ներկա լինելու իրավունքից, երբ ինքը փորձել է հայտարարությամբ հանդես գալ դատավորի ապօրինի գործողությունների դեմ:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի դիտարկմամբ` դատավորն
իրավունք չունի տուժող կողմին զրկելու հայտարարություն անելու իրավունքից, եւ դատարանի դահլիճից Ռուբեն Մարտիրոսյանի հեռացումը տուժող կողմին մեկուսացնելու եւ թուլացնելու նպատակ էր հետապնդում:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պնդմամբ` դատական բժիշկ Վիգեն Ադամյանը դատարանում պնդել է, որ իր եզրակացության մեջ կա «տեխնիկական վրիպակ», եւ որ այդ մասը պետք է հանվի եզրակացությունից:
Փաստաբանի կարծիքով` դատաբժշկի այս հայտարարությունը հանցագործություն պետք է համարվի:
Aravot.am-ի այն հարցին, թե ստեղծված վիճակում որոնք են լինելու իրենց հետագա գործողությունները, փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատասխանեց.
«Վերջին երկու ամսում մեր բոլոր միջնորդությունները կամ լիովին մերժվել են կամ նույնիսկ քննարկման չեն ենթարկվել: Բայց մենք էլի միջնորդություններ ունենք ու կփորձենք հաջորդ նիստին ներկայացնել»:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:
Աշոտ ԱԹԱՅԱՆ