Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Պռոշյանում, Եղվարդում, Նոր Երզնկայում
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն է անցկացնում Կոտայքի մարզում: Մինչ մարզ գնալը պարոն Հովհաննիսյանն այցելեց Անդրիաս Ղուկասյանին եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ: Անդրիաս Ղուկասյանը հազիվ էր խոսում եւ խնդրեց իրենց չտեսանկարահանեն ու չլուսանկարեն:
Այնուհետեւ պարոն Հովհաննիսյանն եղավ Պռոշյանում եւ Նոր Երզնկայում:
Պռոշյանի բնակիչները հավաքված սպասում էին նախագահի թեկնածուին: Տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թեթեւ է հագնված, նրանցից մեկն առաջարկեց. «Լավ տնական արաղ ունեմ տունը»: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց խմելը թողնել հաղթանակից հետո:
Կարդացեք նաև
Պռոշյանում այսօր երկու հուղարկավորություն կար: Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հարազատներին ցավակցեց հրապարակում՝ մարդկանց հետ հանդիպմանը. «Այսօր եկել ենք Պռոշյանի համար տխուր առիթներով՝ պարոն Կիրակոսի եւ տիկին Հայկուհու համար: Մենք հիշում ենք իրենց, ցավակցում ենք ընտանիքներին, մաղթում համբերություն: Ուզում ենք, որ մեր մարդկային եւ հայաստանյան կյանքը երեխաներով շարունակվի: Ամեն մեկի ժամը կգա այնտեղ գնալու, բայց քանի դեռ Աստված մեզ կյանք է տվել, թող մեր հայրենիքը դառնա ամենաուժեղը, ամենաարդարը: Մեր ապագան մեր ձեռքում է»: Նա մաղթեց, որ Հայաստանում հարսանիքները շատ լինեն, թաղումները՝ քիչ:
Եղվարդում մոտեցավ մի մարդ՝ ազատամարտիկ Կարոն ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց՝ երկու հարկանի տուն ունեմ, տամ քեզ՝ նախընտրական շտաբի համար: Պարոն Հովհաննիսյանը եղվարդցոււ այդ անկեղծ աջակցությունն ընդունեց:
Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց քաղաքի ակումբ, որտեղ պապիկները շախմատ էին խաղում եւ մաղթեց բարի ընտրություն: Եղվարդի քաղաքապետին էլ հորդորեց՝ գոնե մի անգամ թողեք ազատ ընտրություն լինի: Քաղաքապետը վստահեցրեց, որ ազատ, արդար ընտրություն է լինելու:
Նախագահի թեկնածուին քարզարշավի ընթացքում այսօր ուղեկցում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ