Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՄԵՌՆԵՐԸ ՉՀԱՇՎԱԾ

Փետրվար 08,2013 17:08

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսաներեքերորդ

ՁՄԵՌՆԵՐԸ ՉՀԱՇՎԱԾ

Եվ Շիրազը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «Արայիկս ճիշտ կըսե», եւ Ռուբոն Շիրազին հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Շիրազը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «Շերենցն ամենից շատ քեզի կսիրե», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես գիտեմ՝ Շերենցն ամենից շատ ում ա հարգում ու սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գիտեմ, բայց չեմ ասի», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու Ռուբոյին ասաց՝ «որ մի բան ասում ես, մինչեւ վերջ ասա. ի՞նչ ես հանելուկներով խոսում», եւ Ներսիսյանն ասաց՝ «եթե հանելուկ է, ապա՝ շատ հեշտ հանելուկ է. բոլորս էլ գիտենք, որ Շերենցն ամենից շատ Ֆրունզիկին է սիրում», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «էդ էդքան էլ ըտենց չի, Լեւոն ջան», եւ Շիրազը խոսեց ու ասաց՝ «ամեն նորմալ մարդ աշխրքի էրեսին ամենից շատ մորը կսիրե» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հետո նոր՝  հորն ու էրեխանցը», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծնողներն ու էրեխեքը հաշիվ չեն», եւ Շիրազը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ թե՝ հաշիվ չեն. բա վո՞վ է հաշիվ»,  եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղս էլ մեր ծնողներին ու էրեխեքին սիրում ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ մայրերին», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «սաղս էլ մեր մայրերին սիրենք գը, բայց աշխրքի էրեսին մենակ Վարպետ Շիրազն է «Հուշարձան մայրիկիս» անունով գիրք գրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամբողջ գիրքը ծերից ծեր իրա մայրիկի մասին է» եւ մի քիչ էլ մտածեց ու Ներսիսյանին հարցրեց՝ «աշխրքի էրեսին ուրիշ մեկն էդ տեսակ գիրք գրե՞լ  է, Լեւոն ջան», եւ Ներսիսյանը ժպտալով  պատասխանեց ու ասաց՝ «չեմ կարծում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դժվար թե գրած լինեն», եւ Շերենցը հիացմունքով նայեց Շիրազին ու ասաց՝ «գրքի առաջին էջեն մինչեւ վերջին էջն իր մայրիկի մասին է», եւ ես խոսեցի ու  ասացի՝ «Սարոյանն էլ էր էդ գրքի վրա զարմացել», եւ Շերենցն ինձ հարցրեց՝ «ո՞ր Սարոյանը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Վիլյամ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Սարոյանն էլ էր զարմացել, որ Վարպետը մի ամբողջ գիրք ա իրա  մայրիկին նվիրել», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «փաստորեն, Սարոյանն ու դու նույն բանի վրա եք զարմացել», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ընդ որում՝ իրարից անկախ», եւ Շիրազն ինքնագոհ ժպտալով ինձ հարցրեց՝ «հիշե՞ս գը՝ Վիլյամն ինչըղ էր զարմացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ մոռանալու բան չի», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մոռացել էի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ հիշացրիր, աչքիս առաջն էկավ», եւ Ռուբոն  զարմացած ինձ հարցրեց՝ «Սարոյանին որտե՞ղ եք տեսել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեր խմբագրությունում», եւ Ռուբոն հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս վերջին  անգամ որ էկել էր», եւ Ռուբոն հարցրեց՝ «ձեր խմբագրությունը «Ծիծեռնակը» չի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «Սարոյանը «Ծիծեռնակում» ի՞նչ գործ ուներ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «երեխաների հետ էր հանդիպում», եւ Շիրազն ասաց՝ «էդ հանդիպմանն ինձ էլ էին հրավիրել», եւ ես Շիրազին ասացի՝ «Սարոյանն ինքն էր խնդրել, որ քեզ հրավիրեն», եւ Շերենցը Շիրազին հարցրեց՝ «Սարոյանը քեզի կճանչնա՞ր», եւ մինչ Շիրազը կմտածեր, Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «սփյուռքում Շիրազին բոլորը գիտեն», եւ Ռուբոն ասաց՝ «սփյուռքում  մեր գրողներից ամենից շատ Շիրազին են սիրում», եւ ես ասացի՝ «սփյուռքում Շիրազին ավելի են սիրում, քան՝ Սարոյանին», եւ Շիրազը ժպտալով նայեց ինձ ու ասաց՝ «չափազանցնեք գը», եւ Շերենցը խոսեց ու ասաց՝ «իզուր իրար կհակադրեք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էրկուսն էլ վարպետ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էրկուսն էլ մեր ազգի պարծանքն են», եւ Արայիկը խորամանկ ժպտալով Շերենցին ասաց՝ «մի ցրի», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չցրեմ», եւ Արայիկն ասաց՝ «Ռուբոն թող ասի՝ իմանանք», եւ Շերենցն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչը իմանաք», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «իմանանք՝ ում ես ամենից շատ սիրում ու հարգում», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղիդ էլ համահավասար կսիրեմ ու կհարգեմ» եւ Խորոզին ու Մարգունուն նայելով՝ ժպտաց ու ավելացրեց՝ «էս քնածներին էլ», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «խոսքը զարթուններին ա վերաբերում», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «պարզ ա, որ զարթուններիցս ամենից շատ քեզ ա սիրում», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «բայց ինչի՞ պիտի ամենից շատ ինձ սիրի», եւ Արայիկը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ ամեն օր իրա համար կես կիլո մառոժնի ես առնում», եւ Շերենցը փռթկացնելով Արայիկին ասաց՝ «չափազանցնես գը, այ բալա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խեղճ Ռուբոն ինչի՞ տեր է, օր ինձի համար օրական կես կիլո մառոժնի առնի», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեռը քարի տակ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գերեզմանների քանդակների մեծ մասն ինքն ա անում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մնացածներն էլ Խորոզին ա բաժին հասնում», եւ Ռուբոն ժպտալով Արայիկին ասաց՝ «պայմանավորվեցինք, որ քնածների մասին չենք խոսում» եւ մի քիչ մտածեց ու Շերենցին ասաց՝ «փաստորեն, դժգոհ ես», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց եմ  դժգոհ», եւ Ռուբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ ամեն օր մառոժնի չեմ առնում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով Ռուբոյին ասաց՝ «համարյա ամեն օր առնես գը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձմեռները չհաշված», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտքովս չէր անցել, որ ձմեռներն էլ պիտի առնեի», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին հարցրեց՝ «կարող ա՞ ձմեռներն ուզել ես՝ չի առել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս գլաններիս մենակ ձմեռները մառոժնի ուտելս էր պակաս», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «բայց ամառներն ամեն օր առնում ա, չէ՞», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «համարյա ամեն օր, բայց՝ ոչ կես կիլո», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «կես կիլո  ուզել ես՝ չի առե՞լ», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էս գլաններիս  մենակ կես կիլո մառոժնին է պակաս», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «բա ինչքա՞ն ա առել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ կշռել» եւ Ռուբոյին նայելով ավելացրեց՝ «ինքն է առել՝ ինքն էլ կիմանա», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «ամեն անգամ ինչքա՞ն ես առնում», եւ Ռուբոն պատասխանեց ու ասաց՝ «էրկու հարուր գրամ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ ավել, ոչ էլ պակաս», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «այդ պաղպաղակների իրական կշիռը միայն Շողիկին է հայտնի», եւ Ռուբոն ծիծաղելով ասաց՝ «Շողիկի թերակշռածի համար պատասխանատու չեմ», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «Շողիկ քույրիկն ամեն անգամ վրեքից մի երեսուն գրամ թռցնե գը», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «կշռել ե՞ս», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ենթադրեմ գը», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «Շողիկն իր գործում իսկական վարպետ է», եւ Շերենցն ասաց՝ «էն ջահել աղջիկն օր կկշռե, միշտ ավելի շատ կուգա», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «սա դեռ անփորձ է. ժամանակի ընթացքում ինքն էլ կվարպետանա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ որ, կողքին Շողիկի պես ուսուցիչ ունի», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «ուսուցչուհի», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «փաստորեն, Շերենցի համար օրական էրկու հարուր գրամ մառոժնի ես առնում», եւ Մարգունին, որ վերստին զարթնել էր, ժպտալով ասաց՝ «ձմեռները չհաշված» եւ  մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Շողիկի թերակշռածն էլ չհաշված», եւ Շերենցը փռթկացնելով ավելացրեց՝ «նկարահանումներիս օրերն էլ չհաշված», եւ Արայիկը փռթկացնելով Ռուբոյին ասաց՝ «փաստորեն, ահագին փափախ ես անում», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մենք էլ մեր գործի վարպետն ենք», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով  Ռուբոյին ասաց՝ «Շերենցի համար համարյա ամեն օր մառոժնի ես առնում, դրա համար էլ ինքն ամենից շատ քեզ ա սիրում», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ինձ մառոժնու համար ա սիրում, բայց Լեւոնին լրիվ անշահախնդիր ա հարգում ու սիրում», եւ Ներսիսյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ր Լեւոնին», եւ Ռուբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ներսիսյան», եւ Ներսիսյանը զարմացած նախ Շերենցին նայեց, հետո նայեց Ռուբոյին ու ժպտալով ասաց՝ «չափազանցնես գը», եւ Շերենցն ամոթխած ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «հեչ էլ չի չափազանցնի», եւ Ռուբոն հաղթական ժպտալով ասաց՝ «ես որ մի բան հաստատ չիմանամ, չեմ ասի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա ինձ էլ ա շատ սիրում, բայց մաեստրոյին համ էլ շատ ա հարգում», եւ Շերենցն ամոթխած ժպտալով ասաց՝ «Ռուբենը ճիշտ կըսե», եւ Ներսիսյանը կարմրելով Շերենցին հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ ո՞ր արժանիքներիս համար», եւ Շերենցն ամոթխած ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «համ հայրիկիդ արժանիքների համար, համ էլ՝ անձամբ քո արժանիքների համար» եւ մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «զարմանալի է, օր մի տնից էրկու հատ հսկայական մեծություններ են դուս գալի» եւ մի քիչ էլ մտածեց ու Շիրազին նայելով ասաց՝ «մեր Վարպետ Շիրազն ու մեր Արայիկ Շիրազն էլ են էդ ասածիս համապատասխանում», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «բայց Վարպետն ու Արայիկը մի տնից չեն. տարբեր տներում են ապրում», եւ Շիրազը ժպտալով ասաց՝ »մի տնից չենք, բայց մի հալի ենք» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էրկուսիս էլ աջուձախ բամբասեն գը ու հալածեն գը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով  Շիրազին ասաց՝ «քեզի բոլորն էլ պաշտեն գը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեր ժողովուրդն ամենից շատ քեզի կսիրե», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ Վարպետն էլ ժողովրդին ա ամենից շատ սիրում»  եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրանց սերը փոխադարձ ա», եւ Շիրազն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Ռուբենը ճիշտ կըսե» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «Ռուբենը մեկումեջ ճիշտ բաներ կըսե», եւ  Շերենցը ժպտալով  ասաց՝ «մեր Ռուբոն միշտ էլ ճիշտ բաներ կըսե», եւ Շիրազը մի քիչ մտածեց, թարս նայեց Ռուբոյին ու ասաց՝ «քիչըմ առաջ շատ սխալ բաներ կխոսեր», եւ Շերենցը փռթկացնելով հարցրեց՝ «մառոժնու վերաբերյա՞լ», եւ Շիրազը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Մյասնիկյանի արձանի վերաբերյալ», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «էդ արձանն ամենից շատ Ռուբոն ա հավանում, այ հեր», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ուղղակի՝ նախանձից եմ էդ բաներն ասում», եւ Արայիկը ժպտալով ավելացրեց՝ «բարի՛ նախանձից», եւ Շերենցն ասաց՝ «էդ արձանը ես էլ շատ կհավնեմ», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «դու էլ ե՞ս բարի նախանձով ասում», եւ Շերենցը մի քիչ մտածեց  ու զարմացած հարցրեց՝ «բարի նախանձը ո՞րն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ արարածը կամ կնախանձի, կամ էլ չի նախանձի» եւ մի քիչ էլ մտածեց ու Շիրազին հարցրեց՝ «սխալ կըսե՞մ, Վարպետ», եւ Շիրազը ժպտալով Շերենցին ասաց՝ «ըդիկ ինձնից ես լսել», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ քեզնից լսել», եւ Շիրազը ներողամտորեն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որ բարի նախանձ գոյություն չունի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր է՝ քեզնից լսած էղնիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «էնքան եմ մեծցե, օր սեփական մտքերս ու ուրիշներեն լսածներս իրար կխառնիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Մյասնիկյանի արձանն իրան շատ նման է»,  եւ Ռուբոն փռթկացնելով հարցրեց՝ «ո՞ւմ ա շատ նման», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր Մյասնիկյանին», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «էդ սեփական միտքդ ա՞, թե՞ էլի ուրիշներից ես լսել», եւ Շերենցը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սեփականս է» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ արձանը տեղոց տեղ Ալեքսանդր Մյասնիկյանն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վերջնական տարբերակը նկատի ունեմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728