Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձն իրականացնողը եվրոպական դիմագծեր չի ունեցել, ինչպես պնդում էր հենց պարոն Հայրիկյանը: Պարզվում է՝ իրական հանցագործին ավելի շուտ գտնելու համար պարոն Հայրիկյանը մտածված է հանցագործի կերպարը հորինել:
«Հիմա գալիս են, ասում են՝ հայի դիմագծերով է, եվրոպացու դիմագծեր չուներ, ինչի՞ համար Է արվել: Ես էլ բացատրում եմ՝ նախաքննության ընթացքում պարոն Հայրիկյանը որոշ մտքեր էր ասել, որ ոճրագործներն իրենց ապահով զգան: Ասում էր՝ հանցագործը եվրոպական դիմագծերով է, որ ոչ եվրոպական դիմագծերով անձինք իրենց ապահով զգան, մանրամասնությունները չեմ կարող ասել: Ինչ դուք գիտեք, մնացածը պատկան մարմինները կասեն: Դեռ ուրիշ բաներ մեջտեղ պետք է դուրս գան»,- Aravot.am-ին ասաց Հայրիկյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը:
Մեր հարցին, ռուսական իմպերիալիզմի վերաբերյալ կասկածներն է՞լ են մտածված արվել, պարոն Եղնուկյանն ասաց՝ ոչ, այդ մասով ամեն ինչ ճիշտ է:
Նա չպատասխանեց մեր հարցին, թե պարոն Հայրիկյանը առերեսում ունեցե՞լ է հանցագործի հետ ու արդյոք ճանաչե՞լ է. «Այս հարցին չեմ պատասխանում: Ավելին չեմ կարող ասել: Մենք ավելիին ենք սպասում, դեռ բացահայտումը չի ավարտվել, մինչեւ պատվիրատուները չբացահայտվեն, բացահայտումը նոր է սկսում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ Հայրիկյանի առողջական վիճակը բարելավվում է: Երեկ 2 անգամ ցավազրկող են ներարկել, որ կարողանա քնել, իսկ այսօր համեմատաբար լավ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ