Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էմիրաթներում կանանց ավելի շատ են աջակցում, քան Հայաստանում

Փետրվար 08,2013 16:53

Արաբական աշխարհի բիզնեսի մեջ կանանց ակտիվները մոտ 400 միլիարդ դոլար է

Էմիրաթներում ամեն ինչով աջակցում են գործարար կանանց, օգնության այնքան բազմազան տարբերակներ կան, որ եթե արաբ կինը որոշի որեւէ բիզնես սկսել, դժվարություններ չի ունենա, այդ պատճառով էլ, այնտեղ կին գործարարներն ավելի շատ են, քան Հայաստանում: Այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց «Միկա ցեմենտի» գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, որը փետրվարին մի խումբ հայ գործարար կանանց հետ Դուբայում մասնակցել է Հայաստանի եւ Արաբական միացյալ էմիրությունների գործարար կանանց միջեւ տեղի ունեցած հանդիպմանը: Այս հանդիպման օրերին նաեւ կնքվել է հետագա համագործակցության պայմանագիր, ըստ որի, նախատեսված է անցկացնել համատեղ ցուցահանդեսներ արաբական տարբեր երկրներում, ինչպես նաեւ՝ հնարավորություն կլինի համատեղ բիզնես սկսել:

Aravot.am-ի այն հարցին, թե Էմիրաթներում սկսնակ գործարար կնոջը կոնկրետ ինչո՞վ են աջակցում, որը չի արվում Հայաստանում, տիկին Մարտիրոսյանն ասաց, որ Էմիրությունները նախ շատ հարուստ երկիր է եւ աջակցության հնարավորություններն էլ մեծ են, այնտեղ կան բիզնեսին աջակցման հիմնադրամներ, նույնիսկ վարկերը շատ ցածր տոկոսներով են ու մատչելի պայմաններով. «Այնտեղ ամեն ինչ բաց է առեւտրի համար, ոչ մի խոչընդոտ չկա: Որեւէ ընկերություն բացելը շատ հեշտ է: Այն ստերոտիպերը, որ այնտեղ կանանց հնարավորությունները սահմանափակ են, ամբողջովին փոխվել են, զարգացած կանայք են, սեփական բիզնեսում կայացած, արաբական աշխարհի բիզնեսի մեջ կանանց ակտվները մոտ 400 միլիարդ դոլար է»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլյա Գեւորգյանի ներկայացմամբ էլ` 44 կին-գործարարների պատվիրակություն է մեկնել Դուբայ, 24 կանայք հրավիրված են եղել: Aravot.am-ի հարցին, թե հայկական ինչ ապրանքներով են հետաքրքրված արաբ կանայք, եւ արդյոք մեր արտադրանքները կարող են Դուբայում մրցունակ լինել, տիկին Գեւորգյանն ասաց, որ ձեռագործ աշխատանքները եւ էկոլոգիապես մաքուր սնունդը շատ է հետաքրքրել արաբներին:

«Միկա ցեմենտի» տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի խոսքերով էլ` Դուբայում իրենց արտադրանքով հետաքրքրված են, բայց արտահանման հետ խնդիր կա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728