Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է հացադուլ անցկացնող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին ու առաջարկել նրան` գալ հիվանդանոց հետազոտության:
«Պայմանավորվեցինք, որ մոտ օրերս համալիր քննություն իրականացնենք նրա առողջական վիճակին գնահատական տալու համար: Սկսած 20-րդ օրվանից, օրգանիզմում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, պարտավոր ենք ուսումնասիրել նրա առողջական վիճակը եւ թեկնածուին տեղյակ պահել՝ հնարավոր բարդացումների ժամանակ ինչ միջամտություններ կարող են լինել:Այս պայմաններում հետազոտություն իրականացնելն անհնար է, լրացուցիչ գործիքային եւ այլ տիպի քննություններ են, որոնք պետք է անցկացնել հիվանդանոցում: Առաջարկեցի՝ մեկ երկու օրվա ընթացքում իրեն հարմար կլինիկայում կազմակերպենք այդ հետազոտությունները, լավագույն մասնագետները կմասնակցեն հետազոտություններին: Ամենայն հավանականությամբ, օրվա վերջ խոստացավ տեղեկացնել օրն ու ժամը, որտեղ նա կցանկանա հետազոտվել, որ անդառնալի հետեւանքներից խուսափենք: Անհրաժեշտության դեպքում, եթե կյանքին վտանգ սպառնա, նրան կհոսպիտալացնենք»,- պարոն Ղուկասյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո լրագրողներին ասաց նախարարը:
Նրա խոսքերով, առողջական որոշ խնդիրներ արդեն կան. «Մտահոգություններս փոխանցեցի, բայց քանի դեռ ստացիոնար պայմաններում չենք ստուգել, ոչինչ չեմ կարող ասել, յուրաքանչյուր պահի հնարավոր է ինքնագիտակցության կորուստ լինել: Մեկ ամսյա հացադուլը առողջության համար անդառնալի կարող է լինել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ