Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց հայր եւ որդի Վաղարշակ եւ Հակոբ Աղաջանյանների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նախորդ դատական նիստին հիվանդության հետ կապված Վաղարշակ Աղաջանյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Ռշտունին հեռացվել է դատական վարույթից եւ այսօր դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը: Կարո Աղաջանյանին տրվել էր հնարավորություն՝ քրեական գործի նյութերին (7 հատոր) ծանոթանալու համար: Սակայն այսօր Կ. Աղաջանյանը հայտարարեց, որ չի հասցրել ծանոթանալ դատական նիստերի արձանագրություններին, դատարանից խնդրեց 1 աշխատանքային օր: Մեղադրողներ Հովսեփ Հովսեփյանը եւ Ռազմիկ Ստեփանյանը առարկեցին, հայտարարելով, որ պաշտպանական կողմը արհեստական հետաձգում է դատական նիստերը, իսկ դատավոր Ա. Վարդանյանն էլ հայտնեց, որ 2-3 ամիս է՝ չեն կարողանում որեւէ գործողություններ կատարել:
Դատավորը հայտարարեց, որ դատական նիստը շարունակվում: Սակայն ամբաստանյալ Վաղարշակ Աղաջանյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր նոր պաշտպանից, քանի որ մինչ օրս նրա հետ առանձին չի տեսակցել եւ խնդրեց, եթե Ռշտունին չկարողանա պաշտպանել իրեն, ապա տրամադրվի հանրային պաշտպան: Դատավորը նորից ազդարարեց դատական նիստը շարունակելու մասին, սակայն այս անգամ ամբաստանյալ Հակոբ Աղաջանյանի պաշտպան Նարինե Ռշտունին հանդես եկավ միջնորդությամբ՝ բացարկ հայտնելով նախագահող դատավորին: Նախագահող դատավորը 2 ժամ մնաց խորհրդակցական սենյակում, ապա դուրս գալով այնտեղից, հրապարակեց ինքնաբացարկի միջնորդությունը անհիմն լինելու հիմքով որոշումը մերժելու մասին:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Աղաջանյանը եղել է «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահը: Հայրն ու որդին մեղադրվում են 2011թ. օգոստոսի 31-ին «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին եւ նրա ամուսնուն՝ Յուրիկ Սրապյանին խաբեությամբ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղ տեղափոխելու, կիսակառույցում պարանով խեղդելու (առանձին-առանձին) եւ փոսը նետելու համար: Դատական նիստերի դահլիճում, մինչ նիստը սկսելը, Յուրիկ Սրապյանի մայրը դիմելով ամբաստանյալի պաշտպան Կ. Աղաջանյանին, լացակումած ասում էր. «Երկու կանխամտածված սպանությունը ո՞նց ես պաշտպանում: Իմ որդուն խեղդել են, իմ տղան տուն չի վերադառնում: Ո՞ր մի մայրը կարող է հանգիստ նստել: Իմ հոգեվիճակի համար ո՞վ պիտի պատասխան տա»:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 14-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ