Բանաստեղծը դեմ է սոցցանցերում բոլորին հայհոյելուն
Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը նախընտրական շրջանում Facebook-ադուլ է հայտարարել: Aravot.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե մեզանում պաթոսն ամենուր աներեւակայելի չափերի է հասնում: Նրա ձեւակերպմամբ, այլեւս դարձել ենք սուտը սիրող եւ ֆեյսբուքային բամբասանքով ապրող ազգ:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին, Վահե Արսենը նշեց. «Օրերս հաղորդավարներից մեկը, ով իր ողջ կյանքի ընթացքում երբեւէ Հայրիկյանի գործունեությանը չի անդրադարձել, բացառիկ ծիծաղելի հայտարարություն արեց, թե մահափորձի դեպքն ապացուցեց, որ անկախությունը մեզանում սպանելն անհնար է… Այ այսպես ամեն ինչ բերում- հասցնում ենք պաթետիկության : Կան քայլեր, որոնք ընդամենը քաղաքական շախմատային որոշակի կոմբինացիա են, նպատակն էլ ընտրությունների հետաձգումն է, ուրիշ ոչինչ: Տհաճ էր այն փաստը, որ Հայրիկյանի հետ կատարվածից հետո իրար տրորելով մարդիկ վազեցին հիվանդանոց եւ այնտեղից տիեզերական մտահոգությամբ դեմքերով կարծիքներ հնչեցրին, դա առնվազը «Հայաստանի ձայնը» շոուի ոլորտից էր: Իսկ ինչո՞ւ, երբ օրումեջ մեր բանակում զինվոր է ինքնասպան լինում կամ խոշտանգվում ծառայակիցների, սպայական անձնակազմի կողմից, ոչ մեկը չի շտապում զոհվածի հարազատներին այցելել: Չէ՞ որ խաղաղ պայմաններում հայորդի է սպանվել կամ ստորացվել»:
Բանաստեղծը նաեւ կարծում է, որ Հայաստանում չի հարգվում նախագահի ինստիտուտը, դրա համար էլ մարդիկ նախագահի մի արտահայտությունը կարող են ծաղրել սոցցանցերում, ուրիշի անվան տակ գրել՝ ինչ ուզում են. «Դա կարծեցյալ, սուտ ազատության իմիտացիան է, պսեւդո ազատություն, որտեղ յուրաքանչյուրը կարող է ուրիշի կերպարի տակ հայհոյել՝ մնալով ինկոգնիտո: Մեկն էլ կարող է Քրիստոսին հայհոյել: Եթե Աստված չկա, Դոստոեւսկու ֆորմուլան լրիվ աշխատում է՝ խիղճ չկա, որեւէ մեկի առաջ պատասխանատվություն չկա, մենք ազատորեն հայհոյում ենք բոլորին եւ ամեն ինչ: Ցավոք, մեզ մոտ չկա քաղաքական, նորմալ ծրագրային պայքար: Եղածը զուտ անձերի պայքար է, դրա համար էլ դատապարտված ենք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայրիկյանի մահափորձի օրը, երբ բոլորը իրենց վարկածներն էին առաջ քշում, գյուղում մի այսպիսի «վարկած» լսեցի.
«Հայրիկյանը շատ ա ասում՝ բանակը ես եմ ստեղծել: Կարող ա բանակում էն զոհված զինվորներից մեկի եղբայրը կամ հերն ա գնացել կրակել»:
Հեգնանք կար Հայրիկյանի, նրա՝ մենակով բանակ ստեղծելու ու դեպքի վերաբերյալ: Սա, այսպես ասած, «գյուղավարի» գնահատականն էր «հետմահափորձական» շոուին:
Բայց դե ոչ ոք չի էլ կարող համոզված լինել, որ Հայրիկյանին պաթետիկ ոճով գովերգողները նույնպես չեն հեգնում: