«Միշտ ժպիտը դեմքին էր»
«Պարույրի հետ տուն մտնելիս՝ առաջինը մտնում էինք տատի սենյակ, բարեւում էինք տատին, հետո նոր առաջ էինք գնում: Մեծերին շատ էր հարգում»,- հիշում է Վահեն՝ Պարույրի ամենամոտ ընկերը:
Պարույրն ու Վահեն սովորում էին Երեւանի թիվ 113 դպրոցում: Նրանք համադասարանցիներ էին: Վահեն հիշում է, որ սկզբում շատ էին վիճում Պարույրի հետ, բայց 8-րդ դասարանից արդեն անբաժան ընկերներ էին. «Շատ ընկերասեր, բարի, ազնիվ մարդ էր Պարույրը: Ժամանակի հետ ընկերները փոխվում են, բայց մեր ընկերությունը, որ հիմնված էր վստահության ու անկեղծության վրա, միշտ ամուր էր»:
Դպրոցն ավարտելուց հետո Պարույրն ընդունվում է Երեւանի թիվ 5 արհեստագործական ուսումնարան, որտեղ 3 տարի քանդակագործություն է սովորում: Մայրը՝ Արմինեն, պատմում է, որ շատ էր սիրում քարի վրա աշխատել, իսկ ամենից շատ սիրում էր խաչքարեր քանդակել:
Կարդացեք նաև
Տասը թոռ ունի Պարույրի պապը՝ Ժորան, բայց նրա մասին խոսելիս միշտ ընդգծում է. «Պարույրս շատ լավ երիտասարդ էր, կամեցող, բարի, աշխատասեր էր՝ ձեռքից ամեն բան գալիս էր, մտքին ինչ դներ՝ կաներ: Շատ ասող-խոսող, կատակասեր տղա էր ու միշտ ժպիտը դեմքին»:
Ծնողները եւ ընտանիքի անդամները շատ հիշողություններ ունեն Պարույրի մասին: «Առաջին դասարան պետք է գնար, սեպտեմբերի մեկին մի մեծ ծաղկեփունջ ձեռքին ծնողների հետ գնացել էր դպրոց, պետք է ծաղիկները դասատուին տար, բայց չէր ուզել, ծնողները շատ էին համոզել, բայց չէր համաձայնել ծաղկեփունջը տալ դասատուին՝ հետ բերեց տուն ու ինձ նվիրեց»,-հիշում է Պարույրի տատը՝ ավելացնելով, որ նա շատ ուշադիր էր, ու երբ ինքը վատառողջ էր լինում, Պարույրն անձամբ էր իրեն խնամում՝ դեղ ու թեյ էր տալիս:
«Դպրոցում առաջին մի քանի տարին սովորում էր գերազանց առաջադիմությամբ, բայց հետո արդեն թուլացավ: Դպրոցական տարիներին շատ աշխույժ երեխա էր, ուրիշների արած չարաճճիություններն էլ էր իր վրա վերցնում, բայց բոլորը շատ սիրում էին նրան: Առարկաներից ամենաշատը սիրում էր հայոց եկեղեցու պատմությունը. շատ հավատքով էր: Շատ պարզ էր, մաքուր, միամիտ, լրիվ ուրիշ կերպ էր պատկերացնում կյանքը եւ բացարձակապես խորամանկություն չուներ»,- պատմում է մայրը:
Ընտանիքի ավագ որդին էր Պարույրը ու միշտ փորձում էր օգնել ծնողներին. 15 տարեկանից տարբեր աշխատանքներ էր կատարում, ու ծրագրում էր բանակից վերադառնալուց հետո վարսահարդար աշխատել, սեփական սրահն ունենալ, գումար աշխատել եւ իր համար առանձին տուն կառուցել:
2009-ին Պարույրը զորակոչվեց զինվորական ծառայության:
«Շատ ուրախ տրամադրությամբ գնաց բանակ: Զորակոչվելուց մեկ շաբաթ հետո գնացինք ընտանիքով. էլ չսպասեցինք երդման արարողությանը: Հետո էլ չկարողացանք գնալ, ինքն էլ չէր թողնում: Բանակ զորակոչվելուց հետո միայն այդ մեկ անգամը կարողացանք տեսնել Պարույրին: Հեռախոսով էինք շատ խոսում. միշտ ասում էր՝ մի անհանգստացեք, ես լավ եմ»,- ասում է Պարույրի հայրը՝ Արարատը:
«Նեղացկոտ չէր, շատ անմիջական էր, շփվող: Ինքն այն մարդկանցից էր, որ երբեք չէր բողոքի. լավ էլ լիներ, վատ էլ լիներ՝ միշտ ժպիտով էր»,- հիշում է Պարույրի մորեղբայրը՝ Գեւորգը:
Ծնողները հիշում են, որ որդին սիրում էր հումորային հաղորդումներ դիտել եւ համակարգչային խաղեր խաղալ. «Ծաղիկներ էր շատ սիրում ու միշտ նվիրում էր»:
Պարույրը միշտ փորձում էր օգնել իր հարազատներին՝ հորաքրոջ տանիքն էր վերանորոգում, իր սիրելի զարմիկին զբոսանքի էր տանում:
Պարույրի հորեղբոր դուստրը՝ Նունեն, հիշում է, որ շատ համարձակ էր Պարույրը եւ սիրում էր տանիքների վրա բարձրանալ:
«Մենք շատ մտերիմ էինք, տղայիս բանակ էին տարել, ինքն այդ ժամանակ դեռ փոքր էր, ասում էր՝ երանի էս մյուս տղայիդ էլ տանեն բանակ, որ ես գամ քեզ տղա դառնամ»,- պատմում է մյուս հորաքույրը՝ Նվարդը:
Պարույրի միակ եղբայրը՝ 19-ամյա Գոռը, ավագ եղբոր մասին գրեթե չի խոսում, արցունքով լցված աչքերով ասում է միայն, որ չնայած իրենց բնավորությունների տարբերություններին, շատ մտերիմ են եղել եղբոր հետ եւ ամեն տեղ միասին են գնացել:
«Իր բանակ գնալուց մի օր առաջ մտքով անցավ, որ պետք է գնանք Գառնի: 4 հոգով գնացինք Գառնի ու Պարույրը որոշեց, որ Գառնիից մինչեւ Գեղարդի վանք ոտքով պետք ա գնայինք, ու գնացինք: Ամբողջ ճանապարհին կատակներ էր անում, ու շատ ուրախ անցանք ճանապարհը»,- պատմում է Վահեն՝ ընկերը:
Պարույրի մասին խոսելիս՝ մորեղբոր կինը՝ Ալինան, միշտ նշում է, որ շատ կոկիկ էր եւ սիրում էր սպիտակ շորեր հագնել. «Պարույրը շատ շփվող էր ու կարողանում էր իր կողքին հավաքել մարդկանց: Մի օր ընկերոջ հետ, շատ բարձր տրամադրությամբ, գարեջուր էին վերցրել ու եկել մեր տուն: Քեռիները տանը չէին, մտավ տուն, գարեջուրը դրեց սեղանին ու պապիկին ասաց՝ դե խմենք միասին: Պապիկն ասաց՝ բա առանց առիթ հո չե՞նք խմի, Պարույրն էլ պատասխանեց՝ էնա եկել ենք, մեզնից էլ լավ առի՞թ: Շատ կատակեց այդ օրը, մի սովորական օրից տոն սարքեց»:
«Սկզբում չէինք հավատում. որ մի տարի չէինք տեսել, այնպիսի տպավորություն էր, որ բանակում է ու վերադառնալու է, բայց ամենադժվարն այն ժամանակ էր, երբ նրա հետ ծառայության մեկնած տղաները վերադառնում էին արդեն, իսկ ինքը չկար»,- թախիծով ասում է Պարույրի մորաքույրը: «Տարիներն անցնում են, բայց վիշտն ավելի ա խորանում: Թո՛ղ, էլ ոչ մի որդեկորույս մայր չլինի»,- հուզված ու խորը կսկիծով վերջում ավելացնում է մայրը:
Պարույր Մելքոնյանը մեկն է այն չորս երիտասարդներից, ովքեր զոհվեցին 2010թ. հունիսի 17-ին ադրբեջանական կողմի զինվորականների դիվերսիայի հետեւանքով: Նա 19 տարեկան էր։
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Առավոտ» օրաթերթ