Ամերիկյան «International Competitions and Festivals» գործադիր տնօրենը դժգոհել է ՀՀ հյուպատոսի պահվածքից
Ամերիկյան «International Competitions and Festivals» գործադիր տնօրեն Սթիվեն Դայերը փետրվարի 6-ին հայաստանյան լրատվամիջոցներով SOS է հնչեցրել, նշելով, թե 2013թ. ԱՄՆ-ում, Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ կայանալիք հայկական կամերային երաժշտության փառատոնը վտանգված է: Նամակագիրը հայտնում է, որ այս փառատոնն անցկացվում է իր տնօրինած կազմակերպության եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Սթիվեն Դայերը նշում է նաեւ, որ փառատոնի ընթացքում նախատեսված է հայաստանյան հայտնի խմբերի եւ երաժիշտների մասնակցությամբ ԱՄՆ-ի մի շարք մեծ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում հնչեցնել հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մի մասը իր երկրում կկատարվեն առաջին անգամ: Նամակից մեջբերում ենք. «Իմ ղեկավարած կազմակերպությունը 2012թ. հոկտեմբերից բազմիցս դիմել է Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Գրիգոր Հովհաննիսյանին՝ նշյալ փառատոնին առնչվող կազմակերպչական հարցերով, սակայն հյուպատոսի կողմից զարմանալիորեն ոչ մի արձագանք չի եղել մինչ օրս: Նույնիսկ համայնքի ոգեւորված մի շարք ներկայացուցիչներին խրախուսելու փոխարեն, նա իր կեցվածքով հուսահատեցրել է փառատոնի գաղափարով հետաքրքրված անձերին եւ հնարավոր հովանավորներին»:
Սթիվեն Դայերը հիշեցնում է նաեւ, որ ԱՄՆ-ում մշակույթի նախարարություն գոյություն չունի եւ նմանատիպ միջոցառումները կյանքի են կոչվում հովանավոր կազմակերպությունների եւ մասնավոր անձանց նվիրատվություններով: «Շատ ցավալի կլինի, եթե նման ծավալուն եւ հեղինակավոր փառատոնը տեղի չունենա: Չէ՞ որ հայկական կամերային երաժշտության փառատոնի անցկացումը ոչ միայն հնարավորություն է ընձեռում բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելու Հայաստանի երաժշտական մշակույթը, այլեւ այն Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին դրական կարեւոր գործոն է հանդիսանում ԱՄՆ-ում ամրապնդելու Հայաստանի վարկանիշը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Առավոտը» կապվեց հայաստանյան պետական կամերային որոշ երաժշտական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարների հետ: Մեզ հետ զրույցում «Հովեր» կամերային երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, Կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Երեւանի կամերային երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը ասացին, որ վերը շարադրվածի մասին առաջին անգամ են լսում: Սոնա Հովհաննիսյանն ու Հարություն Թոփիկյանը փաստեցին, թե մեծանուն Արամ Խաչատրյանը աշխարհին հայտնի է իր մեծակտավ ստեղծագործություններով եւ քանի որ տեղեկացված չէին կայանալիք փառատոնի մասին, նշեցին ընդամենը, որ սա լուրջ միջոցառում է, ավելին՝ իրադարձություն, որ ցանկալի կլիներ ԱՄՆ-ում ներկայացվեին Խաչատրյանի բալետները, խմբերգային եւ այլ մասշտաբային գործեր: Սոնա Հովհաննիսյանը տարակույս հայտնեց հյուպատոսի կողմից որեւէ արձագանք չլինելու առիթով, ասելով. «Կրկնում եմ՝ ձեր հարցին սպառիչ պատասխան կտայի, եթե իմանայի, թե ինչ պայմանավորվածության եւ այլ բանակցությունների արդյունքում է ձեռք բերվել ու համաձայնեցվել այդ նախագիծը»:
Կարդացեք նաև
Հարություն Թոփիկյանն էլ փաստեց, որ թեեւ Խաչատրյանը քիչ ունի, օրինակ՝ երգչախմբային գործեր, այնուամենայնիվ, եթե իրենք ընդգրկված լինեն այս նախագծում, սիրով կմասնակցեն: Մեզ հետ զրուցած գեղարվեստական ղեկավարները հայտնեցին, որ անկախ այն բանից՝ ԱՄՆ-ում փառատոնը կկայանա, թե՝ ոչ, իրենք համոզված են, որ մեր երկիրը Խաչատրյանի 110-ամյակի առիթով կանցկացնի միջոցառումների շարք, այդ թվում՝ արդեն աշխարհին հայտնի կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը:
Միայն «Տաղարան» անսամբլի ղեկավար Սեդրակ Երկանյանը, չնշելով լրատվամիջոցը, ասաց, թե լսել է, որ Լոս Անջելեսում Խաչատրյանի հոբելյանի առիթով փառատոնը կկայանա տեղական ուժերով: «Միջոցառմանը մասնակցելու նպատակով չնշվեց հայաստանյան որեւէ կոլեկտիվի կամ անհատ կատարողի անուն, միայն շեշտվեց, որ հյուպատոսը «խառնված» է այդ գործում եւ ջանում է, որ փառատոնն անցնի բարձր մակարդակով»,- հավելեց պարոն Երկանյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. ՀՀ մշակույթի նախարարության տեսակետը կներկայացնենք առաջիկա համարներից մեկում: