«Բաց նամակ» ՀՀ նախագահին
Աշխատանք չունենալու պատճառով ես որոշեցի իմ անձնական օգտագործման «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան տալ վարձակալության, որպեսզի ինչ-որ չափով կարողանամ հոգալ ընտանիքիս ծախսերը, եւ հայտարարություն տվեցի «Գինդ» շաբաթաթերթում: Տեղեկանալով հայտարարությանս մասին, 2011թ. ապրիլի 30-ին, ժամը 17-ին ինձ զանգահարեց Հայկ Ահարոնյանը եւ ասաց, որ ցանկանում է տաքսի վարելու նպատակով մեկ ամիս ժամկետով վարձակալել ավտոմեքենան եւ նույն օրը՝ ժամը 19-ին, մենք հանդիպեցինք իմ տան մոտ: Նա հանդիպման էր եկել իր ընկերոջ՝ զինվորական, մայոր Արմեն Հովակիմյանի հետ, որը վստահություն ներշնչեց: Պայմանագիրը կնքեցի Հայկ Ահարոնյանի հետ, մայոր Արմեն Հովակիմյանի ակտիվ մասնակցությամբ, 1 ամիս ժամկետով, 6500 դրամ օրավարձով: Ես Հայկից պահանջեցի նրա անձնագիրը, որպեսզի անձնագրի տվյալները լրացնեմ պայմանագրում: Նա անձնագիր չուներ, ես մերժեցի, ասելով, թե առանց անձնագրի ավտոմեքենան չեմ տա իրենց: Այդ միջոցին միջամտեց մայորը, ասելով, որ իր անձնագիրը կա, նա կթողնի իր անձնագիրը՝ պայմանագրում չնշելու պայմանով, ու մի քանի օրից Հայկը կբերի իր անձնագիրը, կլրացնենք եւ անձնագրերը կփոխանակենք: Վստահելով նրա զինվորական մայորի կոչմանը՝ ես համաձայնեցի, եւ մենք պայմանավորվեցինք հանդիպել յուրաքանչյուր 10 օրը մեկ, որպեսզի կատարեն վճարում: Վճարելով առաջին 10 օրվա գումարը, նշեմ, որ հենց Ա. Հովակիմյանը վճարեց ինձ առաջին 10 օրվա գումարը՝ 65 000 դրամ, եւ նրանք միասին վերցնելով իմ ավտոմեքենան՝ հեռացան:
Անցավ 10 օր, նրանք չեկան, 11-րդ օրը ես զանգահարեցի Հայկին եւ ասացի՝ ինչո՞ւ չեք գալիս, չէ՞ որ մենք պայմանավորվել էինք: Նա ասաց, որ այսօր չի կարողանա գալ, կգա վաղը: Վաղն էլ չեկավ, այդպես ինձ խաբելով 6 օր: Համոզվելով, որ խաբվել եմ խարդախների կողմից, 2011թ. մայիսի 16-ին ես դիմեցի Նոր Նորքի ոստիկանություն եւ հետաքննիչ Ա. Շարոյանին հանձնեցի մեր միջեւ կնքված պայմանագիրը եւ մայոր Արմեն Հովակիմյանի անձնագիրը, որը թողել էր ինձ մոտ՝ որպես «գրավ»:
Հարուցվեց քրեական գործ, կատարվեց նախաքննություն: Նախաքննությունը վարում էր քննիչ Ն. Հարությունյանը: Նախաքննությամբ պարզ դարձավ, որ նրանք երկուսով նախօրոք հանցավոր համաձայնության գալով, միտումնավոր եկել էին, որպեսզի խաբելով ինձ՝ տիրանան ավտոմեքենայիս: Պարզվեց նաեւ, որ Հայկը խոշոր չափերի գումար է պարտք եղել Ա. Հովակիմյանին, եւ նրանք մեքենան տարել են Արարատի մարզ՝ մեքենան տալով Գեղամ Մարտիրոսյանին, նրանից վերցնելով 3000 ԱՄՆ դոլար, որպեսզի Արմեն Հովակիմյանը վերցնի իր պարտքի որոշ մասը:
Կարդացեք նաև
Պարոն նախագահ, Նոր Նորքի ոստիկանությունը Հայկ Ահարոնյանին ձերբակալեց 2011թ. հուլիսին, իսկ Արմեն Հովակիմյանի մասով ունենալով բավարար ապացույցներ, որ մասնակից է այս հանցագործությանը եւ քանի որ նա զինվորական է, գործը ուղարկեց պաշտպանության նախարարության քննչական բաժին:
Ա. Հովակիմյանը ազատվեց պատասխանատվությունից, թե իբր օգնել է իր ընկերոջը, անտեսելով Գեղամ Մարտիրոսյանի ցուցմունքը: Իսկ Գեղամ Մարտիրոսյանին, որը թալանել էր իմ ավտոմեքենան, որը հիմա գտնվում է քննիչ Փիլիպոսյանի մոտ որպես իրեղեն ապացույց, նրա նկատմամբ կիրառել են անօրինական համաներում եւ երկու հանցագործներին շնորհել են վկայի կարգավիճակ՝ ողջ մեղքը բարդելով Հ. Ահարոնյանի վրա:
Պարոն նախագահ, ինչպե՞ս կարող է ուրիշի ավտոմեքենա թալանողը լինի վկա: Զինվորական քննիչ Փիլիպոսյանը եւ գործը հսկող դատախազ Մ. Բալդրյանը ամբողջ մեղքը բարդել են Հայկ Ահարոնյանի վրա: Քննիչը իր որոշման մեջ նշել է, որ համաներումը տարածվում է այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչեւ 2011թ. մայիսի 1-ը, իսկ Գեղամ Մարտիրոսյանը հանցանքը կատարել է մինչեւ 2011թ. ապրիլի 30-ը: Ինչպե՞ս կարող էր Գ. Մարտիրոսյանը «հանցանք կատարեր մինչեւ ապրիլի 30-ը»: Մինչեւ ապրիլի 30-ը ես նրանց չեմ ճանաչել, մինչեւ ապրիլի 30-ը մեքենաս գտնվել է իմ մոտ: Մինչեւ ապրիլի 30-ը կնշանակի, որ Գ. Մարտիրոսյանը հանցանքը կատարել է կամ ապրիլի 29-ին, կամ 28-ին: Գ. Մարտիրոսյանն իմ ավտոմեքենան թալանել է 2011թ. մայիսի 10-ից հետո, նա այդ մասին ասաց նաեւ դատական նիստի ժամանակ՝ պատասխանելով դատավոր Ս. Ուզունյանի հարցերին: Դատավոր Ս. Ուզունյանը Գ. Մարտիրոսյանին ասաց՝ քո վրա համաներում չի տարածվում, այդ ինչպե՞ս է քո վրա քննիչը համաներում տարածել:
Ես բազմաթիվ անգամ բողոքել եմ զինդատախազություն եւ ոչ մի արդյունքի չեմ հասել, դիմել եմ նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն:
ԳԱՐԻԿ ԿԱՊԶՄԱԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ