Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում է գործում երեխայի անվճար հավաստագիրը

Փետրվար 08,2013 14:28

Պոլիկլինիկայի ոչ աշխատանքային ժամերին հիվանդանոցները պարտավոր են երեխաների բուժօգնությունն անվճար կազմակերպել:

Վարդուհի Մանուկյանի 3-ամյա որդին ուշ երեկոյան սայթաքել էր եւ ընկել՝ պատռելով այտը: Երեխային արնաշաղախ հասցրել են մոտակա «Մուրացան» մանկական հիվանդանոց: Վ. Մանուկյանի խոսքերով՝ բժիշկը նայել է երեխային ու ասել, որ պետք է կար դրվի:

«Առաջին բանը ոչ թե ինձ՝ փոքրիկի մորը, հանգստացնելն էր, այլ ասելը, որ գումար պետք է վճարվի: Այդ պահին ինձ այնքան վատ էի զգում, որ անգամ չէի էլ մտածում անվճար բուժօգնության հնարավորության մասին: Բալիկիս կարը դրեցին, ու երբ արդեն ամեն բան լավ էր, ես ասացի, որ ունեմ անվճար բուժօգնության հավաստագիր: Իսկ բժիշկն ասաց՝ սա վճարովի է, եթե անվճար էի ուզում, սպասեիք, լույսը կբացվեր, կտանեիք ձեր հաշվառված պոլիկլինիկան, ու անվճար կկարեին: Մենք վճարեցինք մոտ 18 հազար դրամ: Հո չէի՞ թողնելու, որ որդիս արնաքամ լիներ մինչեւ լուսաբաց»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Վարդուհի Մանուկյանը:

Նշենք, որ 2011 թվականի հունվարից հանրապետությունում ներդրվել է երեխայի առողջության հավաստագիրը, ըստ որի՝ 0-7 տարեկան բոլոր երեխաները պետք է սպասարկվեն անվճար՝ կլինի դա հիվանդանոցային ծառայություն, թե պոլիկլինիկական: Այս մասին պարբերաբար հավաստիացնում են նաեւ առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ հորդորելով դիմել առողջապահության նախարարություն, եթե այդ տարիքային խմբի երեխաներին սպասարկելու համար ինչ-որ բժիշկ գումար կպահանջի:

«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը եւս մեկ անգամ վստահեցրեց. «Եթե տրավմա է տեղի ունեցել, ապա ծնողը կարող է տանել մոտակա հիվանդանոց, որտեղ տեղադրված է պետական պատվեր մանկական վնասվածքաբանության գծով, եւ բուժօգնությունը կիրականացվի միանգամայն անվճար»: Այս արտոնությունը վերաբերում է 0-7 տարեկան բոլոր երեխաներին, իսկ սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված երեխաներն էլ կարող են հիվանդանոցային որոշ ծառայություններից անվճար օգտվել մինչեւ 16 տարեկանը: Նունե Փաշայանի խոսքերով՝ բայց ծնողն իր երեխային այդ հավաստագրով կարող է հիվանդանոց տանել պոլիկլինիկայի համար ոչ աշխատանքային ժամերի: Աշխատանքային ժամերին կարող է դիմել պոլիկլինիկայի վիրաբույժին, որտեղ եւս անվճար բուժօգնություն կստանա: Նախարարության մասնագետը տեղեկացրեց, որ նախարարությունում գործում է շուրջօրյա ռեժիմով աշխատող թեժ գծի ծառայություն, որը կգրանցի ոլորտին առնչվող քաղաքացու ցանկացած բողոք. «Յուրաքանչյուր զանգի հետքերով նախարարությունը գնում է, ու յուրաքանչյուր անօրինական գումար վերցնող պատժվում է: Նա ծնողներին կոչ արեց ցանկացած բուժհաստատությունում անօրինականություն տեսնելու պարագայում զանգահարել նախարարության թեժ գիծ»: Նշենք, որ անվճար բժշկական օգնությունն ունի, այսպես ասած, տարատեսակներ: Ըստ նախարարության մասնագետի՝ լաբորատոր-գործիքային հետազոտություններն իրականացվում են այն տեղամասային պոլիկլինիկայում, որտեղ երեխան հաշվառված է: Պետությունը յուրաքանչյուր երեխայի համար վճարում է տվյալ հաստատությանը: «Հավաստագիրը առավելապես գործում է հիվանդանոցային բուժօգնության համար, որն, ի դեպ, ավելի թանկ արժե, այսինքն՝ հավաստագրի շրջանակներում մատուցված հիվանդանոցային օգնությունն ընդգրկում է հիվանդ երեխայի համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը (դեղերով ապահովումը, լաբորատոր-ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները եւ այլն): Իսկ ռուտինային անալիզը պարզապես ամբուլատոր քննություն է, որը հնարավոր է անվճար իրականացնել նաեւ տարածքային պոլիկլինիկայում»,- ասաց Նունե Փաշայանը: Ըստ նրա՝ կան հիվանդություններ, որոնք անվճար բուժօգնության ցանկի մեջ չեն մտնում, դրանք թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններն են: Օրինակ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառումը վնասվածքաբանական վիրահատության ժամանակ: Ըստ տիկին Փաշայանի՝ վիրահատությունն իրականացվում է անվճար, բայց վիրահատության ընթացքում կիրառվող մետաղական կոնստրուկցիաները մեծ գումար արժեն, եւ դրա համար առանձին գումար է պահանջվում: Ցանկի մեջ ընդգրկված են նաեւ այնպիսի վիրահատություններ, որոնք թանկ արժեն իրականում, բայց երեխաների համար անվճար են, օրինակ՝ սրտի վիրահատությունները, ինչպես նաեւ պրոթեզավորումն ու կորսեթավորումը, որը 0-7 եւ սոցանապահով երեխաների համար նույնպես իրականացվում է անվճար:

ՍԻՐՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728