ՀՀԿ-ական պատգամավորը՝ ՀԱԿ-ի կենսունակության եւ ՀՀԿ-ի մեծահոգության մասին
Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրեց կուլիսներում շրջանառվող խոսակցությունները, որ ՀԱԿ-ը վերակազմավորվելու է իբրեւ կուսակցություն: Թեեւ դրա մեխանիզմները դեռ կամ պարզ չեն, կամ էլ չեն հրապարակայնացվում, սակայն գաղափարն արդեն գաղտնազերծված է, ու ՀԱԿ անդամ կուսակցությունների մոտեցումը միանշանակ չէ (ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մոտեցումներն այս առիթով՝ կարդացեք www.aravot.am կայքում): Այս համատեքստում Տեր-Պետրոսյանը խոսել է նաեւ ՀԱԿ-ում ընթացող խմորումների մասին: «Թաքցնելու բան չկա: Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր եւ անհատներ՝ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետեւ փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջեւ կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Հասկանալի է, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի եւ անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք՝ Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու եւ պայքարը մինչեւ հաղթական ավարտի հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության»,- ասել է նա:
«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի դիտարկումներին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ասաց. «Եթե կան մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք այս կամ այն կերպ պետք է մասնակցեն քաղաքական կյանքին, պետք է վերակազմակերպվեն, ինչ-որ տեղ ինտեգրվեն: Բայց ավելի հստակ, ավելի հասկանալի մեկնաբանություններ անելու համար պետք է հասկանանք, թե ինչ ձեւով է վերակազմավորվում ՀԱԿ-ը: ՀԱԿ-ում երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ անհատներ էին միավորված, եւ այսօր գրեթե կատարյալ անհամաձայնություն է տիրում այնտեղ: Ի՞նչ նկատի ունի ՀԱԿ առաջնորդը վերակազմակերպում ասելով: Եթե պետք է լինի մի խումբ, որը միայն հավատում է իրեն՝ այլ խնդիր է, եթե նույն քաղաքական թիմերը պետք է համախմբվեն միեւնույն քաղաքական միավորի մեջ՝ դա լրիվ այլ խնդիր ու պատկեր է»: ՀՀԿ-ական պատգամավորը ՀԱԿ առաջնորդի հարցազրույցում «կարմիր գծի նման անցնող մի թել» է նկատել՝ որ այս տարիների ընթացքում ՀԱԿ-ը, որպես հիմնական ընդդիմադիր դաշտը զբաղեցնող, «ոչ ճիշտ ռազմավարություն է վերցրել եւ չի կարողացել իր առջեւ դրված խնդիրն իրականացնել»: Մեր զրուցակցի կարծիքով՝ հենց դա է հանգեցրել ներքին անհամաձայնությունների, ինչն էլ իր հերթին բերում է նոր կառույցի ձեւավորման անհրաժեշտություն. «Եթե կենսունակ լիներ՝ չէին գնա վերաձեւավորման, նոր մոդելով՝ նոր ուժի: Այն վստահությունը, որն ուներ ՀԱԿ-ը ժողովրդի կողմից, կարծում եմ՝ ցանկացած ժամանակ եւ ցանկացած վերաձեւավորում ընկալելի եւ գործուն կլիներ: Բայց այսօր, այս պայմաններում գնալով վերաձեւավորման եւ ինչ-որ գործողություն կատարելու, կարծում եմ, մի քիչ մշուշոտ է: Այնպես որ՝ երբ կձեւավորվի, այն ժամանակ էլ կխոսենք»:
Վերլուծելով ՀԱԿ-ի գոյությունն ու գործունեությունը հայաստանյան քաղաքական դաշտում դրական եւ բացասական տեսանկյուններից՝ ՀՀԿ-ական պատգամավորը նկատում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի լռության 10 տարիների ընթացքում ժողովրդի համար Տեր-Պետրոսյանի մտքերն ու կերպարը հետաքրքիր դարձան, կարծես մի փոքր էլ կարոտել էին նրան, եւ եղավ այդ պիկը: 2007-ի ԱԺ ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցեց, ինչը կարեւոր փաստ է, որովհետեւ այդտեղ քաղաքական ուժն է ներկայանում: Միանգամից մասնակցեցին նախագահական ընտրություններին, թեպետ ցանկացած նախագահական ընտրությունների համար, որպես դրական ելակետ, պետք է ունենաս լավ հիմք՝ քաղաքական թիմ եւ այլն: Եթե 2007-ին մասնակցեին ԱԺ ընտրություններին եւ հաջողություն ունենային, այլ կերպ կլիներ իրենց մասնակցությունը նախագահական ընտրություններին: Կարծում եմ՝ իրենք այդ ժամանակ ռեսուրսներն ուսումնասիրելով եւ որոշ հաշվարկի արդյունքում մասնակցեցին նախագահական ընտրություններին: Ժողովրդի մի հատված իսկապես կարոտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին՝ կար վստահություն, կային բազմահազարանոց հանրահավաքներ: Հետո եկավ մրոտելու ու սեւացնելու ժամանակահատվածը, բայց հանրությունը դրանից ոչինչ չվերցրեց: Պետք է ասես այլընտրանքը՝ ի՞նչ ես առաջարկում փոխարենը: Ու աստիճանաբար նվազեց կորը, որն այդ ժամանակ շատ բարձր էր»: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի նկատմամբ հավատն ու վստահությունտ նվազեց նաեւ ՀՀԿ-ի որդեգրած դրական գծի արդյունքում: «Մենք գնացինք երկխոսության, այն խնդիրները, որոնք արտաքուստ առկա էին եւ շահարկվում էին, փորձեցինք գնալ ընդառաջ: Թեպետ կային որոշակի խախտումներ՝ նույն հանրահավաքներն անցկացնելու մասին օրենքի եւ այլն, բայց թույլտվություն եղավ, որ Ազատության հրապարակում հավաքվեն, որոշ ձերբակալվածներ՝ հասարակական կարգը խանգարողներ, որոնք, ըստ իրենց, քաղբանտարկյալներ էին, ներումներ ստացան, ազատ արձակվեցին: Մենք գնացինք որոշակի բարեփոխումների, այդ թվում նաեւ՝ մամուլի ազատության, եւ այն մեխին, որոնք իրենք հիմնականում խփում էին, թուլացրինք՝ գործողություններով: 2012-ի ընտրություններից երկու տարի առաջ սոցիոլոգիական հարցումները ՀԱԿ-ի համար 20-25 տոկոս ձայն էին կանխատեսում, բայց ընտրություններին արդեն տեսանք, որ ՀԱԿ-ի վարկանիշը սրընթաց անկում է ապրում: Ու դա, կարծում եմ, միայն իրենց այն քայլերի շնորհիվ, որոնք հանրությունը չընկալեց, քանի որ ցեխոտելը, սեւացնելը չի կարող գործելաոճ լինել: Պետք է ավելի իրատես, պատճառաբանված եւ հետեւողական լինել: Արդյունքում ՀԱԿ-ը մի կերպ հաղթահարեց 7 տոկոսը»,- ասում է Հովհաննես Սահակյանը: Ընդհանրապես, նկատի ունենալով նաեւ «Ժառանգությունում» եղած խմորումները՝ Հովհաննես Սահակյանը եզրակացնում է, որ հանրության մեջ ընդդիմադիր թեւի ընկալման խնդիր կա, ու եթե հանրությունը հիասթափվում է ընդդիմադիր դաշտից, դա անդրադառնում է նաեւ իշխանական հատվածի վրա. «Հիասթափված հանրությունը նաեւ քո ծրագրերի, գաղափարների ու խոսքի նկատմամբ է հիասթափված, հավատի բացակայություն կա: Այստեղ մենք բոլորս անելիք ունենք»: Ու եթե նախագահական ընտրություններին մասնակցելով՝ «Ժառանգությունը» փորձում է վերակենդանանալ, ապա ՀԱԿ-ի քայլերին դեռ սպասել է պետք: «Իսկապես կարեւոր է, որ ժողովրդի մեջ հավատը վերականգնվի: Հավատ՝ պետության, ընդդիմության, իշխանության նկատմամբ»:
Կարդացեք նաև
Նկատի ունենալով 2007-ից մեկնարկած եւ 2012-ի խորհրդարանական ընտրություններով արդեն անփառունակ վախճան գրանցած քաղաքական զարգացումները՝ իշխանության ներկայացուցչին խնդրեցինք տեսակետ հայտնել, թե իր կարծիքով՝ ո՞րն էր առաջին նախագահի առաքելությունը՝ տասը տարվա լռությունից հետո: «Տեր-Պետրոսյանը հանրության հիշողություններում այդքան էլ լավ կերպար չէր մնացել: Թեպետ իմ ցանկությունն է, որ առաջին նախագահը մնար պատմության եւ հանրության հիշողություններում որպես սիմվոլ. մենք ձեռք ենք բերել անկախություն, ԼՂՀ գործընթաց է եղել, հակամարտություն եւ այլն: Ցավոք, մինչեւ 2008-ի «վերակենդանացումը» Տեր-Պետրոսյանին նաեւ ցրտի ու մթի պիտակներ էին կպցնում: Կարծում եմ՝ նաեւ կենսագրությունը մաքրելու խնդին էր դրված իր առջեւ: Նա ցանկացավ մնալ հաղթանակած առաջնորդի կերպարով»: Թե որքանո՞վ դա հաջողվեց առաջին նախագահին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասում է. «Այո, միգուցե չգար, գուցե առավել հաղթանակած եւ առաջնորդի կերպարով մնար: Իսկ եթե եկավ, պետք է մինչեւ վերջ գնար: Տարիքը պատճառաբանելով՝ չառաջադրվել, հետո ասել, թե ՀԱԿ-ը վերակազմակերպվի, ես ղեկավարեմ… քաղաքականության մեջ կաս՝ ուրեմն կաս, չկաս՝ ուրեմն չկաս»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ