ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նախատեսվող տեղափոխումը Ստամբուլ դժգոհություն է առաջացրել
Հայաստանյան 15 հասարակական կազմակերպություններ հունվարի 18-ին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որտեղ հիմնավորել են, թե ինչու են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխումն անընդունելի համարում:
Կազմակերպությունները անտրամաբանական եւ ոչ նպատակահարմար են համարում գրասենյակի տեղափոխությունը Թուրքիա՝ նկատելով, որ Թուրքիան «իրագործել է հայ ժողովրդի եղեռն իր իսկ պատմական հայրենիքում, որի սկիզբը դրվեց 1915թ. ապրիլի 24-ին՝ Ստամբուլում: Թուրքիան նաեւ իրագործել է մասսայական սպանություններ այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ ներառյալ հույների եւ ասորիների: Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում այդ ոճրագործությունների փաստերը՝ չնայած հայ ժողովրդի եղեռնի կատարման փաստը ընդունվել եւ դատապարտվել է ՄԱԿ-ի անդամ մի շարք պետությունների կողմից»: Նրանք նշել են նաեւ այն փաստը, որ 20 տարի շարունակ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը խիստ բացասական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա:
«Անտեսելով բոլոր բողոքները՝ պահպանում է Սահմանադրության 301 հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը եւ ազգային փոքրամասնությունների ազատ զարգացումը, պաշտոնական մակարդակով խրախուսում է անհանդուրժողականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ինչը պարբերաբար հանգեցնում է ներքին կոնֆլիկտների, ֆիզիկական հաշվեհարդարների, որի վառ օրինակն է հայազգի հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը»,- նշված է նամակում: Հաջորդ հիմնավորումն այն է, որ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ տարածաշրջանի որոշ պետությունների հետ՝ ներառյալ այն երկրները, որոնք գտնվում են ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իրավասության ներքո. «Այդ փաստը զգալիորեն կխոչընդոտի ՀՀ պատվիրակությունների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությանը ՄԱԶԾ գործունեության ասպարեզում»:
Կարդացեք նաև
Նամակի հեղինակները նշել են նաեւ, որ Թուրքիան գտնվում է ոչ ստաբիլ ռեգիոնում՝ հաշվի առնելով առկա զինված հակամարտությունները Թուրքիայի հարեւան երկրներում, ինչպես նաեւ հենց Թուրքիայի պարբերական հիմնախնդիրները տարածաշրջանի պետությունների հետ: «Մենք համոզված ենք, որ ՄԱԶԾ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հնարավոր տեղափոխումը Թուրքիա կտրուկ կնվազեցնի նրա գործունեության արդյունավետությունը, կստեղծի անբարենպաստ պայմաններ տարածաշրջանի երկրների համագործակցության խնդրում: Մենք նաեւ գիտակցում ենք, որ Թուրքիայի կողմից իրականացվող ֆինանսական աջակցությունը ՄԱԶԾ-ին ունի կարեւոր նշանակություն, բայց ՄԱԿ-ը միշտ գերադասել է արդարադատության, մարդու իրավունքների եւ արդարության գաղափարները մնացած առաջնայնություններից՝ ներառյալ ֆինանսականը: Հուսով ենք, որ ՄԱԿ-ը հարազատ կմնա իր իսկ սկզբունքներին եւ հաշվի կառնի վերոհիշյալ ռիսկերն ու խոչընդոտները ՄԱԶԾ-ի Եվրոպական տարածաշրջանային կենտրոնը Թուրքիա տեղափոխելու համար»,- ասվում է հայաստանյան կազմակերպությունների նամակում:
«Առավոտ»-ը նամակը ստորագրած՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի (UNEPNatCom) նախագահ Կարինե Դանիելյանից տեղեկացավ, որ բացի ՄԱԶԾ-ից՝ այլ ծրագրերի տեղափոխման միտում էլ կա, օրինակ՝ UNESCO-ի. «Ենթադրենք՝ մշակութային-պատմական ժառանգության հարց բարձրացնենք UNESCO-ի միջոցով, դե գնա ու Թուրքիայում բարձրացրու այդ հարցը… Իհարկե, չեզոք երկրների դեպքում դա ազդեցություն չի ունենում, բայց Թուրքիայի նման երկիրը հսկայական ազդեցություն կունենա, եւ ՄԱԿ-ի հետ աշխատանքներում մենք որոշակի խոչընդոտների կբախվենք։ Շփվելով միջազգային կառույցների հետ՝ տեսնում եմ, որ բազմաթիվ կառույցներում ուղղակի աշխատանքի են անցել Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները, եւ թվում է, թե դա չի ազդում, սակայն նրանք միջազգային կառույցները, միջազգային ֆորումները տեղափոխում են իրենց երկրներ»,- նշեց Կ. Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային Բրատիսլավայի գրասենյակի ղեկավարը թրքուհի է: Տիկին Դանիելյանը ասաց, որ Ադրբեջանը, Թուրքիան հետեւողականորեն հետեւում են բոլոր միջազգային կառույցների մրցույթներին, եւ թափուր տեղերում հայտնվում են նրանք, որից հետո էլ համակարգում են ամբողջ հակահայկական ուղղվածությամբ աշխատանքները:
Թեեւ բաց նամակը հունվարի 18-ին է ուղարկվել, սակայն տիկին Դանիելյանից տեղեկացանք, որ առայժմ որեւէ արձագանք չկա ՄԱԿ-ից. «Տեսեք, հասարակ հարց է, ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով փոստը պետք է գնա Բրատիսլավա, այնտեղից՝ Նյու Յորք: Հիմա չի բացառվում, որ Բրատիսլավայի գրասենյակի ղեկավարը որոշի, որ չպետք է այդ նամակն ուղարկել»։ Կ. Դանիելյանը կարծում է, որ «ամեն մի հայ պետք է դեսպան լինի», քանի որ Ադրբեջանի, Թուրքիայի շահերից բխող քայլեր են իրականացվում միջազգային կազմակերպություններում հայաստանյան կազմակերպությունների նկատմամբ:
«Առավոտ»-ի հարցին՝ իսկ Հայաստանի ԱԳՆ-ն տեղյա՞կ է, դիմե՞լ են այս հարցով, տիկին Դանիելյանը նշեց, որ՝ այո: Առաջիկա օրերին Հանրային խորհուրդը ծրագրում է քննարկում կազմակերպել, նախնական տրամադրվածություն է եղել հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին եւ նրանց ներկայացնել իրավիճակը, սակայն հետո որոշել են քննարկել այդ հարցը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հանրային խորհուրդը արդեն դիմել է ԱԺ նախագահին, առաջիկայում նախատեսվում է հանդիպում, որին կմասնակցեն նաեւ ԱԳՆ-ից։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ