Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց եւ ինստիտուտների որակը

Փետրվար 08,2013 13:49

Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի գլխավոր «ուղերձը» ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու նախագիծն էր, դրա մասին դատողություններ անելը բավականին դժվար է: Եթե, ինչպես պնդում են ՀԱԿ-ի առավել հայտնի կուսակցությունների ղեկավարները, ՀՀՇ-ն մնում է ՀՀՇ, իսկ ՀԺԿ-ն՝ ՀԺԿ, ապա ինչո՞վ է տվյալ կառուցվածքը տարբերվելու ՀԱԿ-ի ներկայիս կարգավիճակից: Այսինքն՝ այդ դեպքում Կոնգրեսը պահպանվելու է որպես գոնե ձեւականորեն ինքնուրույն կուսակցությունների միավորում: Իսկ եթե ստեղծվելու է մի նոր կուսակցություն, որի մեջ մնացած կուսակցությունները՝ լուծարվելով, ձուլվելու են, ապա դա, շատ հնարավոր է, կհանդիպի ՀՀՇ-ի եւ Դեմիրճյանի դիմադրությանը: Մնացած միավորների մասին չեմ խոսում, որովհետեւ Կոնգրեսից դուրս չեկած այլ կուսակցություններն ու գործիչները հասարակության մեջ զգալի դերակատարություն չունեն:

Բայց ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալ-չդառնալը երկրորդական հարց է՝ այն խնդիրների հետ համեմատած, որոնք առաջին նախագահը բարձրացրել է իր հարցազրույցի հիմնական մասում: Եվ այստեղ Տեր-Պետրոսյանի արձանագրումները միանգամայն ճիշտ են: Եթե արտագաղթի տեմպերը պահպանվեն եւ մանավանդ՝ եթե, ինչպես ենթադրում է առաջին նախագահը, կրկնապատկվեն, ապա 10-20 տարի հետո մենք որպես անկախ պետություն կվերանանք, եւ այդ դեպքում չարյաց փոքրագույնը կլինի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փորձված սցենարը՝ բնաջնջման վտանգից խուսափելու համար: Հնարավոր են նաեւ ավելի ողբերգական սցենարներ: Սա Տեր-Պետրոսյանի կողմից նույնիսկ քաղաքական հայտարարություն չէ, սա գիտական, կասեի նույնիսկ՝ մաթեմատիկական ճշմարտություն է: Ճիշտ է նաեւ, որ արտագաղթի հիմնական պատճառը պետական ինստիտուտների որակն է: Մեզ նման երկրներում այս հաստատությունները «ծրագրավորված» են կողոպուտի, իշխանավորների հարստացման վրա: Եվ այդ առումով, ի դեպ, մեր մշակութային համագործակցությունը Գվատեմալայի հետ այնքան էլ ֆանտաստիկ չի թվում: Վերջապես, ճիշտ է նաեւ, որ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ Արեւմուտքը հստակ ռազմավարություն չունի:

Բայց այսքանից հետո հարցեր են առաջանում: Ինչո՞ւ մենք՝ անշահախնդիր ու կրթված մարդիկ լինելով՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 90-ականներին ստեղծեցինք հինց ա՛յդ որակի պետական ինստիտուտներ: Ասում եմ՝ «մենք», որպեսզի պարզ լինի, որ դա փաստի արձանագրում է, ոչ թե ինչ-որ մեկի հասցեին ուղղված մեղադրանք: (Չնայած հենց այս փաստն է, որ առաջին նախագահի ֆանատները չեն ընդունում): Ինչո՞ւ Առաջին հանրապետության հիմնադիրները նույնպես ստեղծել էին ճիշտ այդպիսի պետական հաստատություններ, ինչը եւ բերեց Ռուսաստանին «հանձնվելու» վերը նկարագրված հանգուցալուծմանը: Հայրենասեր եւ ազնիվ մարդի՞կ չէին: Ավելին՝ ինչո՞ւ նույն մեր «հարազատ» Գվատեմալայում, Հաիթիում եւ այլուր, որտեղ գործում են նույն տեսակի պետական ինստիտուտներ, եւ որտեղ Արեւմուտքը, հստակ ռազմավարություն ունենալով, պարբերաբար հեղաշրջումներ է իրականացնում՝ բերելով «լավ տղաներին», հիշյալ ինստիտուտները չեն փոխում իրենց որակը: Կարելի՞ է արդյոք այստեղից եզրակացնել, որ ինստիտուտների որակը պայմանավորված չէ անձերի որակով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կարծում եմ, որ մեր երկրում՝ ինստիտուտների որակը պայմանավորված է անձերի որակով, քանի որ,
    մեր ժողովուրդը,՝ պետականամետ չէ, այլ իշխանամետ է, և կախված նրանից, թէ ի՞նչ որակի, կամ
    ասենք, բարոյական նորմերի ,,լավ տղաներ,, են հայտնվում երկրի ղեկին, կարող են ղեկը թեքել ըստ
    դրա: Ցավոք մինչ օրս գործում է,՝ ,,ուժ կա, խելք հարկավոր չի,, սկզբունքը: Իհարկե՝ Արցախի
    ազատագրումը ասաց ճիշտ հակառակը: Բայց մի՞թե՛ երկիրը պետք է միշտ լինի պատերազմում, որ
    դրսևորի իր ամենաբարձր արժանիքները: Եվ իվիճակի կլինի՞ այսչափ հիասթափությունից հետո
    նորից նույն արիությունը դրսեվորել, աստված չարասցեի դեպքում:

  2. Լևոն Մելքումյան says:

    Դուք, պ-ն Աբրահամյան, շատ ճիշտ եք:
    Ինստիտուտների որակը (ինչպես նաև ողջ պետության որակը) պայմանավորված չէ անձերի որակով, այլ հասարակության որակով միայն: Եւ վաղուց ժամանակն է այս ճշմարտությունը ժողովրդի գիտակցությանը հասցնել (եթե մի քիչ դրանից մնացել է դեռևս): Այլապես մենք մի 3 հազար տարի էլ կխարխափենք խավարի մեջ, եթե, ի հարկե, առաջիկա 50-100 տարում չվերանանք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728