Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ քննադատություններին պետք չէ՞ լուրջ վերաբերվել. միջանկյալ զեկույցում բազում խախտումներ են արձանագրվել

Փետրվար 08,2013 13:05

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է միջանկյալ երկրորդ զեկույցը՝ ՀՀ-ում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում անդրադարձ է կատարվում ընթացող քարոզարշավին, նախագահի թեկնածուների՝ օրենքի սահմաններում գործելու, կամ խախտումների թույլ տրման հարցերին և նախապատրաստական խնդիրների:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն ահազանգում են նաև մի շարք խախտումների մասին: Օրինակ՝ այն, որ ոչ բոլոր թեկնածուներն են հրապարակային ներկայացրել իրենց քարոզչական ֆինանսական ծախսերը, կամ որ ՀՀ գործող նախագահի քարոզչական գրասենյակները որոշ դեպքերում պետական եւ տեղական մարմինների շենքերում են տեղակայված: Այնուհետև անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե անցկացվելու են ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան ընտրություններ, զեկույցում նշված է, որ «քարոզչական գործունեության եւ պետական գործառույթների միջեւ տարբերությունը տարանջատված չէ»: Որպես օրինակ նշվում է, որ պաշտոնյաներն արձակուրդ են վերցնում ` քարոզարշավին մասնակցելու համար: Ըստ զեկույցի՝ ամենատեսանելին Սերժ Սարգսյանի քարոզարշավն է: ԶԼՄ-ներում առավել շատ են լուսաբանվում Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ընտրությունների նախապատրաստական փուլի կազմակերպումը դրական են համարում և նշում, որ ԿԸՀ-ն աշխատում է բաց և թափանցիկ:

Aravot.am-ը քաղաքական տեխնոլոգ Տիգրան Քոչարյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս զեկույցում ներկայացվածը համընկնո՞ւմ է իրենց դիտարկումներին: Ս. Սարգսյանի ամենատեսանելին լինելու առիթով քաղտեխնոլոգն ասաց հետևյալը. «Րաֆֆի Հովհաննիսյան էլ է բավականին հետաքրքիր ընտրարշավ տանում: Նոր Հայաստանի, իհարկե, այդքան էլ նոր չէ, բայց նրա ընտրարշավը ամբողջական է: Պարզ է, որ այն թեկնածուները, որոնք ավելի են աչքի ընկնում, նրանց մոտ էլ հնարավոր է խախտումներ լինեն, քանի որ քննադատությունն և ուշադրությունը մեծ է»:

Պաշտոնյաների՝ արձակուրդ գնալու և ընտրություններին մասնակցելու դիտարկմանն էլ, քաղտեխնոլոգն արձագանքեց. «Դա համարում եմ նորմալ, քանի որ հասկանում են, որ օրենքը թույլ չի տալիս զբաղվել իրենց պաշտոնական դիրքերի չարաշահմամբ: Դա խախտում կլիներ, եթե աշխատանքի մեջ լինելով դա անեին»:

Տ. Քոչարյանը հորդորում է լուրջ չվերաբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններին ու նշում. «ԵԱՀԿ-ն ընդհանրապես ընտրություններին չի հետևում, իր եզրակացությունների մեծ մասն անում է այլ պատճառներից ելնելով, միգուցե և ճնշում գործադրելու համար Հայաստանի վրա: Մենք ինչքան քիչ նայենք ԵԱՀԿ-ի վրա, այդքան լավ: Վերջին խայտառակ ժողովները դա են ապացուցում: Թեկուզ ՀՀ-ՌԴ վեկտորի, հայ- իրանական համագործակվցության վեկտորների առումով: Իսկ եթե ՀՀ-ի կուրսը ԵԱՀԿ պատկերացումների հետ համընկնի, կասեն ամեն ինչից գոհ են, հերթական քայլ դեպի դեմոկրատիա: 2008-ի ընտրություններին ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդները բավականին բարձր գնահատական էին տվել, բայց մենք ունեցանք մարտի մեկ: Ուստի երկու դիտորդական առաքելություններն էլ իմ աչքում վարկաբեկված են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728