«Ինձ ԲՀԿ-ի թեման ծանոթ չի, ես բանակցությունների մեջ չեմ եղել»
ՍԴՀԿ համակարգող Գուրգեն Եղիազարյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի մտադրությունը՝ ՀԱԿ-ը վերածել կուսակցության, նկատեց, որ ՍԴՀԿ-ն մայր կուսակցություն է, եւ այլ կուսակցության մեջ չի կարող մտնել: Իսկ իրենք ՀԱԿ-ում էին, որովհետեւ ՀԱԿ-ը «ռեժիմը կազմաքանդելու» նպատակ ուներ, օլիգարխիայի դեմ էր հանդես գալիս:
Հաջորդ շաբաթ կլինի ՍԴՀԿ ընդլայնված կենտրոնական վարչության նիտսը, որից հետո վերջնական պատասխան կտան, նշեց Գ.Եղիազարյանը:
Եղիազարյանը կարեւորեց երկրորդ բեւեռ ձեւավորել այլ կուսակցությունների հետ, սակայն խոստովանեց, որ առանց Տեր-Պետրոսյանի դժվար է լինելու: Անակնկալ էր երեկվա` ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը, նկատեց նա:
Կարդացեք նաև
«Միգուցե ավազակապետությունը չքանդեցինք, բայց ինչ-որ հարվածներ մեղմեցինք», նշեց Գ.Եղիազարյանը` նկատելով, որ չստացվեց վերջնական նպատակը իրագործել, ԱԺ-ում էլ յոթ պատգամավոր ունեցան:
Բեւեռ է պետք կազմավորել, բոլոր այն ուժերի հետ, որոնք փոփոխություն են ուզում, նշեց նա:
«Ընկերներս այսօր կարծիք հայտնեցին ինձ, թե ՀՀՇ-ի ռեանիմացիայի համար է այս ամենն արվում, բայց քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունն է, առայժմ ձեռնպահ կմնամ այլ կարծիք հայտնել», ասաց Գ.Եղիազարյանը:
«Առավոտ»-ի դիտարկմանը, որ երեկ ողջունել է Տեր-Պետրոսյանի առաջարկը, այսօր փաստորեն փոխվե՞լ է տեսակետը, Եղիազարյանը նկատեց, որ հիմա էլ է ողջունում, եւ Տեր-Պետրոսյանից այս ընթացքում շատ բան է սովորել, նա կիրթ մարդ է, սակայն ՍԴՀԿ-ն իրավունք չունի այլ կուսակցության մեջ միաձուլվելու:
Ի՞նչ է փոխելու նոր ՀԱԿ կուսակցությունը քաղաքական դաշտում, եթե նրան միայն ՀՀՇ-ն է միանալու, հարց ուղղեց «Առավոտ»-ը: «Չգիտեմ, իրենց հարցրեք:
Արարատ Զուրաբյանից հետո ՀՀՇ-ն բավական տուժեց, նա շատ լավ լիդեր էր, նա իմ լավ ընկերն էր», հայտարարեց Գ. Եղիազարյանը անդրադառնալով Արարատ Զուրաբյանի երեկվա հայտարարությանը, որ եթե ՀՀՇ-ն լուծարվի, նա նոր ՀՀՇ կստեղծի: Գուրգեն Եղիազարյանը ողջունեց նաեւ Արարատ Զուրաբյանի երեկվա հայտարարությունը:
«Առավոտ»-ի հարցին, արդյոք նոր բեւեռ ստեղծելու ժամանակ կվստահե՞ն ԲՀԿ-ին. «Թույլ տվեք հասնենք այդ սենյակը, նոր ասեմ` ինչ կահկարասի կա: Այսօր պատրաստ չեմ պատասխանել, թե ում հետ կաշխատենք»:
Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցելու ձգտումը ինչ տվե՞ց ՀԱԿ-ին`«Առավոտ»-ի հարցին Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Երբ որ խոսում ենք Գագիկ Ծառուկյանի մասին, չգիտեմ ինչու, ոչ մի անգամ հարց չեն տալիս մնացած 40-ների մասին: Ես չգիտեմ, թե ՀԱԿ-ն ինչ էր ուզում, որտե՞ղ, ումի՞ց, ես կարող եմ ասել միայն մեկ բան, այսօր Հայաստանը գտնվում է 40 օլիգարխի ձեռքում, եւ ավելի սիրով կպատասխանեմ, եթե 40 օլիգարխի մասին էլ հարց տաք»: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը 40 օլիգարխից հատկապես մեկ կուսակցության հետ էր հույսեր կապում` ԲՀԿ-ի, Գ. Եղիազարյանը նկատեց. «Ինձ ԲՀԿ-ի թեման ծանոթ չի, ես բանակցությունների մեջ չեմ եղել»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ