ՀՀՇ-ի լուծարմանը Արամ Մանուկյանը կողմ չէ
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսեց ղարաբաղյան շարժման 25 ամյա տարեդարձից, շարժումը համարելով մեր պատմության ամենավառ էջերից, արժանապատվության հրաշալի օրինակ:
«Պարեկային ծառայություն տասնյակ մեքենաներ կանգնած են Բաղրամյան փողոցում, քանի որ մի քանի օդաչուներ են ցույց անում»,- ասաց նա`մատնանշելով մեր օրերում առկա վախի մթնոլորտը: Զուգահեռներ տանելով շարժման օրերի եւ ներկայիս իրավիճակի միջեւ`կոչ արեց չկորցնել արժանապատվության զգացումը, պայքարելու վճռականությունը, անտարբեր, անհույս ու խեղճ չմնալ:
Արամ Մանուկյանը խոսեց նաեւ ՀԱԿ-ը կուսակցություն վերակազմավորելու գործընթացից: Նկատեց, որ օրենքը թույլ է տալիս ստեղծել նոր քաղաքական միավոր`քաղաքական միավորների, լուծարման, վերաձեւավորման եւ այլ տարբերակներով: Թե որ տարբերակը կգործի տվյալ պարագայում`կերեւա առաջիկայում:
Կարդացեք նաև
Ինչ մնում է ՀԱԿ անդամ քաղաքական ուժերի արձագանքներին, որոնք հիմնականում բացասական են, Արամ Մանուկյանը չի շտապում եզրակացություններ անել. «Կլինեն քննարկումներ, համագումարներ եւ յուրաքանչյուր կուսակցություն կկայացնի իր որոշումը»:
Այսօր ՀՀՇ վարչությունը նիստ է գումարելու, որից հետո տարածքային կառույցներում քննարկումներ կլինեն, ապա վարչության եւ հանրապետական խորհրդի նիստ, հետո միայն համագումարը կարող է որոշել նշյալ տեսական ձեւերից որեւէ մեկին հավանություն տալու հարցը: Մոտ մեկ ամսից արդեն հստակ կլինի:
«Լուծարման տարբերակը նշանակում է գիծ գծել քո անցյալի եւ ապագայի միջեւ»,- իր կարծիքը բարձրաձայնեց ՀՀՇ վարչության նախագահը`հավելելով, որ եթե ՀՀՇ-ն ընտրի լուծարման ճանապարհը, ապա զրկվում է նաեւ եվրոպական գործընկերների հարաբերություններից, որոնք օգնել են նաեւ քաղբանտարկյալների հարցերում: ՀՀՇ- ն անդամակցում է երեք եվրոպական կառույցների:
Արամ Մանուկյանը հակված է ՀՀՇ-ի վերաձեւավորման տարբերակին: «Ես ուրախ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնում է շարժման առաջնորդ»,- ասաց նա`հավելելով, որ իր համար այս ամենում էական է Տեր-Պետրոսյանի`քաղաքականության մեջ մնալու հեռանկարը եւ ու ինքը ողջունում է վերակազմավորվելու այս տարբերակը: Նա կարեւորում է նաեւ անհատների ներգրավվածությունն այդ նորաստեղծ կուսակցությանը եւ կարծում է, որ առողջ քաղաքական դաշտը պետք է համախմբվի Տեր-Պետրսյանի շուրջ`երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար:
Արամ Մանուկյանը չմեկնաբանեց ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի այն հայտարարությունը, որ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնադրել`ՀՀՇ անվամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ