«Արթուր Բաղդասարյանը որևէ մեկից ոչ մի հրահանգ չի ստացել: Մեր դիրքորոշումն է դա և մենք ազատ ենք հանդիպել մեր ընտրողների հետ ու հորդորել նրանց առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին»,- խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` պարզաբանելով` արդյոք ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրահա՞նգ է ստացել ընտրողներին հորդորելու սատարել ՀՀԿ նախագահի թեկնածուին, թե՞ պարտադրված է կոալիցիոն հուշագրով: Անդրադառնալով լուրերին, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարած անձը ձերբակալվել է, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը, նախ, ընդգծեց, որ կրակողին բացահայտելու խնդիրը իրենք ի սկզբանե կարևորել են` հանցագործը պետք է պատժվի, այդ խնդիրը կարևոր է նաև , քանի որ Պարույր Հայրիկյանը «հայրենիքի զինվորն է»: Իսկ բացի այդ, սա փորձ էր հարվածել Հայաստանի պետականությանը:
Պատասխանելով Ա1+ի հարցին՝ ՕԵԿ-ական պատգամավորները կարծիք հայտնեցին, որ բոլոր չընտրված թեկնածուներն էլ կշնորհավորեն այն թեկնածուին, ով որ կընտրվի: Հստակեցնեղ հարցին`Րաֆֆի Հովհաննիսյանն է՞լ կշնորհավորի, ՕԵԿ-ականները դրական պատասխան տվեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ