Լրահոս
Օրվա լրահոսը

Շինծու ընտրություններով ընտրված նախագահին ՀՅԴ-ն չի շնորհավորի

Փետրվար 08,2013 12:12

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ճեպազրույցում ասելիք չուներ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա մեկ անգամ էլ ասաց, որ շտապելու խնդիր չկա. «Փոփոխությունները անսպասելիորեն տեղի են ունենում եւ դեռ պարզ չէ, թե ընտրությունները կկայանան ամսի 18-ի՞ն, թե՞ Պարույր Հայրիկյանը կորոշի հետաձգել դրանք: Շտապել պետք չէ»:

Իր կարծիքով, եթե ՀՅԴ-ի առաջարկն անցներ եւ քվեաթերթիկում լիներ «բոլորին դեմ» տողը, ՀՅԴ-ն իր ընտրողներին կոչ կաներ այդպես էլ վարվել`իրավական հիմք տալով նաեւ ՀՅԴ-ի բոյկոտին: Նա կարծում է, որ պետք է օրենսդրորեն ցենզ սահմանվի նաեւ ընտրություններին մասնակցողների առումով եւ եթե ընտրողների 50-ից պակաս մարդ է մասնակցում ընտրություններին՝ դրանք անվավեր համարվեն:

«Մեր չմասնակցելը պայքարի ձեւ է: Պետք է վերջ դնել այսպիսի ընտրություններին, Հայաստանում ընտրական համակարգը չի բավարարում Սահմանադրության պահանջին`ընտրական իրավունքի իրացմամբ իշխանություն ձեւավորելուն: Այս դեմարշը սրա համար է»,-ասաց Ռուստամյանը:

Շինծու ընտրություններով ընտրված նախագահին ՀՅԴ-ն չի շնորհավորի: Ավելին, պրն Ռուստամյանին զարմացնում է այն, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուները պայքարում են ոչ թե իշխանության դեմ, այլ ընտրություններին չմասնակցող ուժերի:

Հետեւելով քարոզարշվի ընթացքին, Ռուստամյանը տպավորություն է ստացել, որ այդ թեկնածուները համարում են, թե արդար ընտրապայքար է ընթանում, ուստի, ենթադրում է, որ նրանք պետք է ընդունեն նաեւ ընտրությունների արդյունքները, հետեւաբար, նրանք էլ թող շնորհավորեն «հաղթած» թեկնածուին: Ռուստամյանն անուններ չհրապարակեց, բայց հասկանալի է, որ նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Պարույր Հայրիկյանին: Եթե այդ թեկնածուները չընդունեն ընտրությունների արդյունքները, Ռուստամյանի կարծիքով, դա էլ իրավիճակ չի փրկում, քանի որ ասելու են այն, ինչ ասվել է քանիցս: Հետեւաբար, նա մնում է իր կարծիքին, որ այդ թեկնածուները ընտրություններին մասնակցելով՝ իշխանություներին ծառայություններ են մատուցում`օգնելով լեգիտիմացնել ընտրությունները: Ըստ նրա, դա Սերժ Սարգսյանը չի էլ թաքցնում դա՝ հրապարակային ելույթներում անընդհատ շեշտելով իր մրցակիցների առավելությունները:

Անդրադառնալով ՀՅԴ-ի յոթ կետանոց ծրագրին էլ, Ռուստամյանը զարմացավ, թե ինչն է հիմա փոխվել, որ այդ թեկնածուները, որոնք այն ժամանակ կիսում էին իրենց դրույթները, հիմա`իրենց քարոզարշավում այդ մասին չեն խոսում: Նրա գնահատմամբ, հավանաբար, այդպիսով ցանկանում էին միասնական թեկնածու դառնալ. չստացվեց`յոթ կետերն էլ մոռացվեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728