Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային տարիների քաղբանտարկյալների հայտարարությունը ԱԱԾ կամայականության վերաբերյալ

Փետրվար 08,2013 12:01

Հայտարարություն

Իրավապաշտպան, իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ, Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական  շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Նախատեսվող ուսումնասիրության մեջ ի թիվս այլ նյութերի պետք է տեղ գտնեն նաեւ այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները: Դրանք ձեռք բերելու նպատակով դեռեւս  2011թ նոյեմբերին  Վ. Հարությունյանը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայություն: Սակայն ԱԱԾ-ը իր գրությամբ, հղում կարտարելով Արխիվային գործի մասին օրենքի 21 եւ Տեղեկատվության մասին օրենքի 8 հոդվածների վրա, նրան մերժում է: Մերժման ակնհայտ անհիմն լինելը վիճարկել չցանկանալով Հարությունյանը մտածում է, որ մերժման որեւէ, թեկուզ կամայական, հիմք չի լինի, եթե մարդիկ իրենց անունից դիմեն ԱԱԾ եւ պահանջեն ժամանակին իրենց նկատմամաբ կայացված դատավճիռները: Նա խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում նրանց առաջին կարգի ժառանգներից,  հավաքում է նման դիմումներ ու մեկ փաթեթով 2012թ. դեկտեմբերի 6-ին ուղակում է ԱԱԾ, իսկ արդեն դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում է ստանում: Այս անգամ արդեն մերժման համար որպես հիմք նշվում է Արխիվային գործի մասիր օրենքի 22 հոդվածը:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դատապարտյալի դատավճիռ պետք է տրվի դատապարտյալին: Այլ կերպ լինել չի կարող: Սակայն խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները բանտարկյալներին աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատեւ հացադուլների արդյունքում: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցյալ են: Այն երկիրը, որ մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար այլեւս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ը հին ժամանակների ոգուն համաձայն շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարաել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները:  Անգամ խորհրդային ժամանակներում հայտարարվում էր, որ  այդ դատավճիռները հրապարակվում են բաց դատավարությունների արդյունքում: Այսինքն` այդ դատավճիռներն իրենց հրապարակման պահից արդեն հանրության սեփականություն են, դրանցից որեւէ մեկը փակ դատավարության արդյունք չէ եւ դրանք, անգամ խորհրդային չափանիշներով,  որեւէ տեսակի գաղտնիք համարվել չեն կարող: Դրանք մեզ են վերաբերում, կայացվել են մեր նկատմամբ եւ մենք իրավունք ունենք պահանջել եւ ստանալ մեր դատավճիռները:

Զարմանալի է միայն, թե ինչո՞ւ է տխրահռչակ Խորհրդային պետության տապալումից եւ Հայաստանի Անկախ Հանրապետության հռչակումից այսքան  տարի անց Անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին եւ ամեն կերպ ի ցույց դնում իր անհանդուրժողականությունը այն մարդկանց նկատմամաբ, ովքեր ժամանակին պայքարել են այդ բարքրի ու այդ մտածողության դեմ:

Դատապարտելով ԱԱԾ ղեկավարության նման կամայական գործելաոճը հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր իրավունքների պաշտպանությանը: Ուրախությամբ կընդունենք լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հասարակական ու քաղաքական գործիչների աջակցությունը:

Պարույր Հայրիկյան

Ռազմիկ Մարկոսյան

Ազատ Արշակյան

Շահեն Հարությունյան

Վալտեր Մելիքյան

Բագրատ Շահվերդյան

Գագիկ Առաքելյան

Նորիկ Մարտիրոսյան

Սուրեն Մելիքյան

Վարդան Հարությունյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728