Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «նպատակահարմար չգտավ»

Փետրվար 08,2013 11:32

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներին ԲՀԿ-ն չմասնակցեց, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հարցին ի պատասխան միայն ասաց, որ «նպատակահարմար չենք գտնում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբանն էլ նախագահական ընտրություններից առաջ վերջին ճեպազրույցում խոսեց նախագահական ընտրությունների քարոզարշավից: Ըստ նրա, այս ընտրություններում չկա բեւեռացված, ագրեսիվ լարվածությունը, որը բնորոշ էր հայաստանյան ընտրություններին: Հիմնական երեք թեկնածուները` Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, ըստ նրա, ներկայացնում են իրենց ծրագրերը:

Ցավոք հասարակության մի մեծ շերտ անուշադրության է մատնում ծրագրերը: Այդ թեկնածուների պատկերացրած Հայաստանն, ըստ Հակոբյանի, հիմնականում նույնն է`մեխանիզմներն են տարբեր եւ հանրությունն այստեղ պետք է կողմնորոշվի տվյալ անձի անցած ճանապարհով, նրա գործելու, աշխատելու հնարավորություններով: Այս իմաստով, Հակոբյանը համարում է, որ «Ժառանգության» թեկնածուն շահեկանորեն տարբերվում է:

Հակոբյանը իրատեսական է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի արտաքին հարաբերությունների հատվածը: Ինչպես նաեւ բյուջեից «ատկատների» էական նվազեցումը, ստվերի կրճատումը: Հակոբյանի հավաստմամբ, դրանք քննարկվել են լուրջ մասնագետների հետ եւ եթե Հովհաննիսյանը հաջողի նախագահական ընտրություններում`նրա ծրագրերը իրատեսական եւ իրագործելի կլինեն: «Թեկնածուների ներկապնակը, որ կա նախագահական ընտրություններում, ուղիղ համեմատական է մեր այսօրվա քաղաքական մշակույթին»,- ասաց նա:

Գելափի երեկ հրապարակած սոցհարցումներին էլ, համաձայն որի Րաֆֆի Հովհաննիսյանը 25 տոկոսի հնարավորություն ունի, Հակոբյանը վերապահումով է վերաբերվում, քանի որ տարբեր կազմակերպություններ նույն օրվա ընթացքում տարբեր թվեր են հրապարակում: Իր գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը վերջին շրջանում ավելի է բարձրացել. «Անկախ ամեն ինչից, Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը գնում են հաղթանակի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728