Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ ուժերից միայն 3-4-ը մաս կկազմեն Տեր-Պետրոսյանի կուսակցությանը

Փետրվար 08,2013 11:08

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, որ «ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի եւ անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»։ «ՀԺ»-ի թղթակիցները այս առիթով մեկնաբանություն են վերցրել Հայ ազգային կոնգրեսի կազմում մնացած կուսակցությունների եւ քաղաքական-հասարակական նախաձեռնությունների ղեկավարներից։ Հարցին, թե նրանք ի՞նչ դիրքորոշում ունեն Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարի վերաբերյալ, 13 քաղաքական ուժերից 3-ի ղեկավարները պատասխանել են, որ կողմ են եւ պատրաստ են մտնել այդ կուսակցության մեջ։ 7-ը հայտարարել են, որ կտրականապես դեմ են այդ գաղափարին, եւ քաղխորհրդի նիստում կողմ

չեն քվեարկի դրան, մեկն ասել է, որ գաղափարը ողջունում է, սակայն իր ղեկավարած կառույցը չի կարող մտնել այլ կուսակցության մեջ։ Երկուսի հետ թղթակիցները երեկ չեն կարողացել կապվել։ Սակայն նրանցից առնվազն մեկը, հաշվի առնելով, մինչ այժմ արած հայտարարությունները, ամենայն հավանականությամբ կրկին դեմ կարտահայտվի գաղափարին։ Ստացվում է, որ Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը ողջունելի է, եւ դրան մաս կկազմեն Կոնգրեսի ստեղծմանը մասնակցած եւ մինչ օրս այդ կառույցի անդամ հանդիսացող 13 քաղաքական ուժերից միայն 3-4-ը։

Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ոչ մի հատված նախագահի թեկնածուն չի մեկնաբանելու։ Հիշեցնենք սակայն, որ հունվարի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Բագրատյանն ասել էր, որ ընտրություններից հետո պետք է գնա եւ լրջորեն խոսի Կոնգրեսի իր ընկերների հետ, ապա եւ որոշի իր հետագա անելիքները, նաեւ ավելացրել է, որ ընտրություններից հետո ամեն ինչ անելու է «Ազատություն» կուսակցությունը հզորացնելու եւ լուրջ քաղաքական ուժ դարձնելու համար։

Զոյա Թադեւոսյան («Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն)- «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը կարդալուց հետո հասկացա, որ բավականին լուրջ է ՀԱԿ-ից կուսակցություն ձեւավորելու նրա մտադրությունը, ինչին ես համաձայն եմ։ Քաղաքական գործընթացների մեջ առաջանում է նոր ուժ ձեւավորելու անհրաժեշտություն, որի մասին հենց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, եւ ես կարծում եմ, դա միակ ճիշտ եւ ընդունելի ճանապարհն է Հայ ազգային կոնգրեսը փլուզումից փրկելու եւ ոչ միայն փրկելու, այլ հետագայում այն ավելի հզորացնելու առումով։ Ես, իհարկե, իրավունք չունեմ մեր նախաձեռնությունը լուծարելու, մենք ժողով կհրավիրենք, եւ եթե մեծամասնությունը տա համաձայնություն՝ լուծարվելու եւ դառնալու ՀԱԿ կուսակցության անդամ, մենք դա կանենք, իսկ եթե այդպիսի համաձայնություն ձեռք չբերվի, նախաձեռնության յուրաքանչյուր անդամ իրավասու է ինքնուրույն որոշում կայացնել՝ դառնում է այդ քաղաքական ուժի անդամ, թե ոչ»։

 

Դավիթ Մաթեւոսյան («Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր անդամ) – «Ես չեմ կարծում, որ «Այլընտրանքը» որոշում կայացնի, որովհետեւ «Այլընտրանքի» կազմում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են եւ նրանք որոշում կկայացնեն իրենց կուսակցությունների շրջանակներում, անկուսակցականներն էլ՝ յուրաքանչյուրն իր փոխարեն՝ հաշվի առնելով, որ «Այլընտրանքը» հասարակական, քաղաքական նախաձեռնություն է»։ (Նշենք, որ «Այլընտրանքում» որոշումներն ընդունվում են կոնսենսուսով եւ հաշվի առնելով, որ դրա կազմում կան մարդին, որ դեմ են ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարին, ապա ենթադրվում է այստեղ նման որոշում չի կարող կայացվել):

Անահիտ Եղոյան («Հայոց հայրենիք» կուսակցություն, փոխնախագահ)- «Գիտեք, մենք արդեն միացել ենք այդ գործընթացին։ Մենք առայժմ կուսակցությունը չենք լուծարելու, որովհետեւ օգոստոս ամսին համագումար ունենք գումարելու։ Բայց հավանություն ենք տալիս Տեր-Պետրոսյանի գաղափարին։ Մնացած քայլերը՝ հետագայում։ Չեմ բացառում, որ «Հայոց հայրենիքը» լուծարվի եւ դառնա, տվյալ դեպքում, ՀԱԿ կուսակցություն՝ միանալով այդ գործընթացին։ Որովհետեւ մենք արդեն գործընթացի մեջ ենք՝ հավանություն տալով այդ գաղափարին»։

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728