ՀՀ գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանին
Պատճենը՝ ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանին
Պատճենը՝ ՀՀ Արդարադատության խորհրդին
Պատճենը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյանին
Կարդացեք նաև
Պատճենը՝ ՀՀ Հանրային խորհրդին
Թիվ 90758210 քրեական գործով տուժողի
իրավահաջորդ Ծովինար Նազարյանից
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ
Ռուբեն Մարտիրոսյանից
Մուշեղ Շուշանյանից
Դիմում
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ, 2011թ.օգոստոս ամսից ընթանում է ՀՀ ՊՆ զինված ուժերի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը (քրեական գործ թիվ 90758210):
Քրեական գործով իրականացվել է հանցավոր նախաքննություն, որի նպատակն է եղել ոչ թե Արտակ Նազարյանի մահվան իրական հանգամանքների եւ դրա համար մեղավոր անձանց բացահայտումը, այլ դրանց կոծկումը, կեղծ վարկածի առաջքաշումը եւ դա հիմնավորելու համար ակնհայտ կեղծ եւ արհեստական ապացույցների հավաքումը:
Դատական քննության ընթացքում թե՛ տուժող կողմը եւ թե՛ պաշտպանության կողմը ներկայացրել են բազմաթիվ միջնորդություններ, որոնք նպատակ ունեին լրացնել նախաքննության բացթողումները, բացահայտել նախաքննության մարմնի կատարած ապօրինությունները, եւ ի վերջո բացահայտել Ա. Նազարյանի մահվան իրական հանգամանքները: Սակայն մեղադրանքը պաշտպանող զինվորական դատախազները եւ դատավոր Սամվել Մարդանյանը, ովքեր ըստ էության հանդես են գալիս որպես մեկ կողմ, դատավարությունը տանում են Ա. Նազարյանի ինքնասպանության կեղծ վարկածը ամեն գնով հիմնավորելու ուղղությամբ: Նրանք, մերժելով մեր միջնորդությունները, հրաժարվում են քննության առարկա դարձնել ճշմարտության բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Արտակ Նազարյանին մահվանից մինչեւ մոտ 6 ժամ առաջ եւ մահվանից ոչ շատ առաջ պատճառված ֆիզիկական վնասվածքների ծագումը եւ դրանց համար մեղավոր անձանց, նշանակել Նազարյանի հագուստի դատակենսաբանական-դատաքիմիական համալիր փորձաքննություն, բջջային կապի հեռախոսային օպերատորներից պահանջել գործով անցնող մի շարք անձանց (տուժող, ամբաստանյալ, վկաներ), հետմահու դատահոգեբանական կրկնակի փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը, դատահոգեբան Էլդա Գրինին իր տված եզրակցության շուրջ հարցաքննության հրավիրելը, հանգուցյալ Արտակ Նազարյանի զրահբաճկոնի դատաձգաբանական փորձաքննության նշանակումը, եւ այլն:
Ս.թ. փետրվարի 5-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Ս. Մարդանյանը մերժեց մեր կողմից ներկայացված գործի բացահայտման համար կարեւորագույն նշանակություն ունեցող միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրելու եւ հարցաքննելու դատաձգաբան փորձագետներին, ովքեր եզրակացություն էին տվել այն մասին, որ մարտական հենակետի անձնակազմի 11 զինծառայողներից վերցված խծուծներում յոթի մոտ առկա են եղել կրակոցի լրացուցիչ արգասիքներ հանդիսացող պղնձի մետաղացման հետքեր, ինչը կարող էր վկայել այն մասին, որ նշված յոթ զինծառայողները կարող էին գտնվել Նազարյանի մոտակայքում նրա վրա արձակված կրակոցի պահին: Միջնորդության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ վկայից ակնկալվում էր մասնագիտական պարզաբանում այն մասին, թե ինչ հեռավորության վրա է պետք գտնվել կրակոցից, որպեսզի մարդու վրա մնան կրակոցի արգասիքներ, եւ որքան ժամանակ կարող են պահպանվել դրանք: Դատարանում փորձագետի փոխարեն այդ հարցերի պատասխանը տալու հավակնություն էր դրսեւորել ավելի վաղ որպես վկա հարցաքննված ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լեւոն Պետրոսյանը, իսկ տվյալ դատական նիստի ընթացքում այդպիսի հավակնություն դրսեւորեց մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:
Միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը ցանկացավ հանդես գալ հայտարարությամբ, սակայն դատավոր Մարդանյանը արգելեց դա անել, իսկ այն բանից հետո, երբ Ռ. Մարտիրոսյանը պնդեց, դատավոր Մարդանյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառում նրա նկատմամբ եւ նրան հեռացնում է դատական նիստերի դահլիճից: Հարկ է նշել, որ Ռ. Մարտիրոսյանը դատավոր Մարդանյանի որոշմամբ դատական նիստերի դահլիճից հեռացվում է արդեն հինգերորդ անգամ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանին դատական նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ որոշումները անօրինական են եւ նպատակ են հետապնդում սահմանափակել տուժողի իրավահաջորդի իրավունքները: Ամեն անգամ, երբ դատավոր Ս. Մարդանյանը հայտնվում է օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը խոչընդոտելու պարտադրանքի առաջ, նա դիմում է սադրանքի՝ կոպիտ կերպով սահմանափակելով դատավարության ընթացքի վերաբերյալ իր դիրքորոշումը արտահայտելու՝ տուժող կողմի իրավունքը, ինչի դեմ ընդվզելու արդյունքում արդեն հինգ անգամ դատարանի դահլիճից հեռացնում է Ռ. Մարտիրոսյանին:
Ռ. Մարտիրոսյանը, լինելով դատավարության կողմ հանդիսացող տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, չի կարող հեռացվել դատական նիստերի դահլիճից, քանի որ դրանով տուժողի իրավահաջորդը մեղադրանքը պաշտպանող դատախազների, ինչպես նաեւ ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնող փաստաբանների համեմատ հայտնվում է անհավասար վիճակում: Թեպետ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի 7-րդ մասի տառացի մեկնաբանությունից չի բխում, որ դատական նիստերի դահլիճից հեռացվելու արգելքը տարածվում է նաեւ տուժողի՝ [իրավահաջորդի] փաստաբան չհանդիսացող ներկայացուցչի վրա, սակայն տուժողի [իրավահաջորդի] ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ, անկախ այն հանգամանքից՝ փաստաբան է թե ոչ, պետք է օգտվի այդ անձեռնմխելիությունից, քանի որ դա է պահանջում ՀՀ Սահմանադրությամբ եւ մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը:
Արդար դատաքննության իրավունքի հիմնարար սկզբունք է դատավարության կողմերի հավասարությունը, որի էությունն այն է, որ դատավարության կողմերը դատաքննության ընթացքում պետք է օգտվեն իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություններից, եւ բոլոր այն դեպքերում, երբ դատավարության մի կողմի նկատմամբ այդ պահանջը /սկզբունքը խախտվում է, դրա արդյունքում խախտվում է նաեւ արդար դատաքննության իրավունքը: Այսպիսով, դատական նիստերի դահլիճից տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի իրավունքների սահմանափակումը եւ նրա դեմ դատական սանկցիա կիրառելը ակնհայտ անարդար դատական ակտեր են, որոնք կատարողը ենթակա է քրեական հետապնդման՝ համաձայն քրեական դատավության օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի:
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք հարուցել քրեական գործ եւ օրենքով սահմանված ընթացակարգով որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ս. Մարդանյանին:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյան
Ներկայացուցիչներ
Ռուբեն Մարտիրոսյան
Մուշեղ Շուշանյան