Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բագրատյանի հետ հանդիպման մասին
Այսօր «Փիփլմեթր» ակումբում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Հրանտ Բագրատյանի հետ հանդիպումներին եւ հավանական միավորմանը: Նա ընդգծեց, որ խոսքը Հայաստանի ապագայի շուրջ միավորման մասին է, ջանքերի համատեղման, բայց ոչ մի դեպքում խոսք չի գնում որեւէ մեկի թեկնածությունը հանելու մասին:
Խոսելով քարոզչական խախտումների մասին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Չնայած նախագահի բարձրադիր խոսքերին, ես տեսնում եմ իրականությունը՝ ուսուցիչների ցուցակագրումներ, դպրոցների դահլիճներ, արդեն հավասար չէ: 8 օր է մնացել, եթե իր նկարը հանի գյուղապետարաններից, հազարավոր պետական շենքերից, շատ լավ կլինի, բայց արդեն ուշացել է: Ես այդ ներքին զգացումն ունեմ, որ հայ ժողովուրդն ընտրել է»
Պարույր Հայրիկյանի հայտարարություն էր արել երեկ, որ ինքը կարող է մինչեւ ամսի 10-ը դիմել ՍԴ: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա միայն Պարույր Հայրիկյանի որոշելիքն է եւ իր որոշման տիրույթում է:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը Արցախ էր այցելել: Նա ասաց, որ իր այդ այցը պաշտոնական չէր, այլ ՀՀ քաղաքացու հերթական այցը. «Որեւէ քարոզչություն տեղի չունեցավ»: Բակո Սահակյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կազմակերպել նրա հանդիպումը՝ առաջին գծում. «Ես զգացի, որ մեր շարքային զինվորները միայն զենք չեն բռնում: Նրանք գիտակից քաղաքացի են: Ես գնացի լիցք ստանալու ավելի շատ»:
Հարցին, թե մամուլում շրջանառվում է, որ պայմանավորվածություն կա իշխանության հետ նախարարի պորտֆել վերցնելու, կա՞ նման բան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման պայմանավորվածություն չկա եւ չի կարող լինել»:
Սոցիոլոգիական հարցումներով Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է՝ ՀՀ գործող նախագահից հետո: Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ «Հարգում եմ բոլոր հարցումները, ամեն մեկն ունի իր պատվիրատուն եւ մեթոդաբանությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ