Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն առյուծի ֆոնին կամ հակառակը

Փետրվար 08,2013 10:46

Robert-Kocharyan_2 Robert-KocharyanՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցների էջերին: Պետք է խոստովանել, որ, որպես կանոն, լրատվամիջոցներում Քոչարյանի հայտնվելն անարձագանք չի մնում: Խոսքը վերաբերում է նրա հարցազրույցներին, քաղաքագիտական և ներքաղաքական վերլուծություններին ու մեկնաբանություններին:

Քոչարյանի վերջին ելույթը` « Լավ ընկերոջ համար անգամ կյանքը կտա Ղարաբաղցին » թեմայով, նույնպես անարձագանք չմնաց և բոլորեքյան վերլուծության ենթարկվեց լրագրողների, քաղաքագետների, քաղաքական գործիչների և Հայաստանի շարքային քաղաքացիների կողմից:

Հայաստանի շարքային քաղաքացիներից մեկն էլ ես եմ, որ Քոչարյանի վերջին ելույթի վերլուծության գայթակղությունը հաղթահարելով` ուզում եմ անդրադառնալ Քոչարյանի հայտնության միանգամայն այլ դրսևորումներին:

Ժամանակ առ ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահը թերթերում ու լրատվական կայքերում հանդես է գալիս լուսանկարներով: Ավելի ճիշտ, ոչ թե ինքն է հանդես գալիս, այլ իրեն են հանդես բերում` իր համակիրները կամ, ընդհակառակը, չուզողները:

Քոչարյանը ընտանիքի ֆոնին: Կամ` հակառակը:

Քոչարյանը մարտի դաշտում` զինակիցների հետ կամ, ընդհակառակը, մենմենակ:

Բայց ամենատպավորիչն, իհարկե, կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչների հետ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարներն են: Առաջին հերթին, իհարկե, գազանների արքայի` առյուծի հետ:

Առյուծը կարծես թե դարձել է մեր ներքաղաքական կյանքի բաղկացուցիչներից մեկը: Գաղտնիք չէ, որ հայրենի քաղաքական դաշտի պաշտոնապես երկրորդ դեմք հանդիսացող Գագիկ Ծառուկյանն իր բնակելի տարածքում մեծահոգաբար տեղ է տվել գազանների արքային: Գազանների արքան նաև «Մուլտի գրուպի» խորհրդանիշն է հանդիսանում:

Բայց, ի տարբերություն Ծառուկյանի բակում բնակվող առյուծի, Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարված գազանների արքան վանդակից ամբողջովին դուրս է: Քոչարյանն, իհարկե, կենդանական աշխարհի զանազան այլ ներկայացուցիչների հետ էլ լուսանկարներ ունի, բայց գազանների արքայի հետ լուսանկարն ամենատպավորիչն է և զանազան խորհրդածությունների տեղիք է տալիս:

Խորհրդածություն առաջին. Հայաստանի երկրորդ նախագահի հետ լուսանկարված առյուծը ո՞ղջ է, թե` սատկած:

Խորհրդածություն երկրորդ. եթե սատկած է, արդյո՞ք այդ առյուծին քաջարի ու քաջասիրտ որսորդ Ռոբերտ Քոչարյանն է սատկացրել:

Խորհրդածություն երրորդ. առյուծին ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահն է սատկացրել, այլ միանգամայն անհայտ ուրիշները, և տվյալ առյուծն ընդամենը առյուծի խրտվիլակ է ու նախատեսված է հատուկ այն նպատակով, որ ցանկացողներն իր հետ լուսանկարվեն. ճիշտ այնպես, ինչպես Կարմիր հրապարակում քաղաքացիները Գորբաչովի, Ելցինի կամ Պուտինի խրտվիլակների հետ են լուսանկարվում:

Եվ վերջապես` խորհրդածություն չորրորդ. Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարված գազանների արքան իսկական` ողջ և առողջ առյուծ է, և երկուսի այդ համատեղ լուսանկարը չափազանց պերճախոս վկայում է Հայաստանի երկրորդ նախագահի քաջության ու անվախության մասին:

Մի խոսքով` իսկը վոյին:

Համաձայնվեք, որ սա շատ ավելի լուրջ գործ է, քան` բասկետբոլ խաղալը:

 ՈՐՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    ճիշտն ասած կենդանի, վայրի առյուծը նման անկենդան, անհույս, գունատ, անապագա, պասիվ ու մեռած տեսք չի կարող ունենալ և ոչ էլ Ռոբերտը նման հանգիստ դեմք կենդանի առյուծի ներկայությամբ…հաստատ կենդանի առյուծ չէ… հակառակ դեպքում ex-նախագահը կենդանի չէր լինի 🙂

  2. նենե says:

    Գեղեցիկի ու կենդանության այլանդակ ոչնչացումն է գովազդում?Հրաշալի է,չէ’,հրեշալի է:

  3. Արամ says:

    Իսկ նկարում Առյուծը ո՞րն է, վրաինը, թե՞ տակինը…

  4. Գայանե says:

    կենդանի չէ այս առյուծը, հակառակ դեպքում մեծն Քոչարյանը կենդանի չէր լինի 😀

  5. Maxim says:

    Որքան կարող է մարդ կոչեցյալը դաժան լինել և անմարդկային,՝ նավ գազանի հանդեպ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728