Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուները զլանո՞ւմ են այցելել Գյումրի

Փետրվար 07,2013 23:04

Նախագահական ընտրությունների նախաշեմին Գյումրիում  ծայրահեղ պասիվ վիճակ է

Քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին,  սակայն այնպիսի տպավորություն է, թե նախագահական ընտրությունները հանրապետության երկրորդ քաղաքին չեն վերաբերում: Եվ եթե չլինեին խանութներում կամ բնակելի շենքերի մի հատվածում տեղակայված  Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները, երբեմն էլ փողոցներում չհայտնվեր Րաֆֆի Հովհաննիսյանի շարժական շտաբ –մեքենան `«Հնարավոր է»  կարգախոսով, իրոք կարելի էր կասկածել,  որ ՀՀ-ում ընտրություններ են:

Այստեղ բնակչության մեծ մասը ոչ բոլոր թեկնածուներին է ճանաչում: Ավելին, քարոզարշավի  շրջանակներում ներկայացել է ընդամենը մեկ թեկնածու` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով սակայն ոչ թե հանդիպել է բնակիչների հետ, այլ մամուլի ասուլիս է հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Ավելին,  բնակիչները բացարձակապես ընտրական տրամադրություն չունեն, փողոցներն էլ, ի տարբերություն ԱԺ ընտրությունների, զարդարված չեն ճոխությամբ  ու չափսերի մեծությամբ միմյանց հետ մրցող  ցուցապաստառներով: Ինչո՞ւ է քաղաքական կյանքը ծայրահեղ պասիվ Շիրակի մարզում, ինչո՞ւ են նախագահի թեկնածուները խուսափում այցելել Գյումրի, մի՞թե ԱԺ ընտրություններից հետո  մտածում են, որ սա անկանխատեսելի տեղանքն է, որտեղ միևնույն է` ինչ էլ քարոզեն, հավատացող ու ձայն տվող դժվար թե լինի:

Aravot.am-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություններ խնդրեց  քաղաքագետ Գագիկ Համբարյանից: «Ժողովրդի մոտ այն կարծիքն  է, որ միևնույնն է` ընտրես, թե չընտրես Սերժ Սարգսյանը կանցնի, որովհետև դիմացը համարժեք թեկնածու չկա: Ես էլի եմ ասում, Րաֆֆի Հովհաննիսյանը հանրաճանաչ է, բայց  ոչ այն աստիճանի, ինչպես Գագիկ Ծառուկյանն է, որը կարող էր իրոք մրցակցել գործող նախագահի հետ: Առաջին պատճառը սա է, երկրորդը ժողովրդի սոցիալական վիճակն է, և այդ պատճառով ժողովրդի կողմից սպասվելիք ընտրակաշառքի բաժանումն է, որը այս անգամ կարծես թե չի նախատեսվում : Դուք շատ լավ գիտեք, եթե գյուղերում ընտրությունները վերահսկելը շատ հեշտ է, քաղաքում շատ դժվար է: Եթե գյուղապետերի վրա կա դրված թիվ, որ քո էսքան ընտրողները պետք է ձայն տան ՀՀԿ թեկնածուին, ապա քաղաքում ոչ ՀՀԿ-ն , ոչ էլ այլ քաղաքական ուժ չի կարող հստակ, հարյուր տոկոսով , թեկուզև 50 տոկոսով ասել, որ այ  էս մարդը կգնա ու կընտրի իրեն: Դրա համար քաղաքներում երկրի նախագահի ձայները այնքան էլ մեծ չեն լինի: Ինչպես միշտ, երկրի նախագահն կընտրվի ի շնորհիվ գյուղական համայնքներում ստացած ձայների, քաղաքներում քիչ կլինի, առավել ևս Շիրակի մարզում: Շիրակի  մարզում բողոքական ընտրազանգվածը ավելի շատ է, դա դուք լավ գիտեք. ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ պարտվեց կոնկերտ Գյումրի քաղաքում: Ու թեև Շիրակի մարզում հաղթեց, բայց պարտվեց Գյումրիում, և դա նրանից չէր, որ ԲՀԿ-ն շատ-շատ լավն է, հաղթեց , այլ պայմանավորված էր նրանով, որ գործող իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը դժգոհության առիթ է տալիս մարզի և կոնկրետ Գյումրու բնակչության մոտ»:

Քաղաքագետի կանխատեսմամբ,  թեկնածուները իրենց նախավերջին հանդիպումները կկազմակերպեն Գյումրիում` ի նկատի ունենալով  այս քաղաքի առանձնահատությունները: «Իսկ վերջին հանդիպումները կկազմակերպեն Երևանում` կենտրոնական հրապարակներում՝ Թատերական  կամ  էլ Հանրապետության», -ասում է Գագիկ Համբարյանը:

Նշենք, որ շաբաթ օրը Շիրակի մարզ կայցելի Սերժ Սարգսյանը, որի պատվին արդեն իսկ մեծ պատրաստություն են տեսնում, գրեթե ամեն օր մաքրում են  Թատերական հրապարակում 3 ամիս շարունակ կուտակված ձյունը, պետական հիմնարկների աշխատակիցներին էլ պարտադրում անպայման ներկայանալ հանրահավաքի, նախապես գրանցում են` սպառնալով տեղում  ներկա-բացակա անել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. G.Hambaryan says:

    Տեքստում կա սխալ- Թատերական կամ էլ Անկախության տեղը պետք է լինի՝ Թատերական կամ էլ Հանրապետության…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728