Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետ. «Պատերազմում զինվորին ոգին է հաղթանակ բերում» (Տեսանյութ)

Փետրվար 07,2013 21:59

DCIM104MEDIAՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց սուրբ Վարդանանց տոնը

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր  ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում: «Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետության հոգեւոր եւ աշխարհիկ կրթօջախների սաները համատեղ հիշում, խնկարկում ու փառաբանում են Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը: Հիրավի, այս տոնը հայրենասիրության եւ ոգու առկայությյան դրսեւորում է: Այսօր երիտասարդ սերունդն անթաքույց ակնածանքով է  հիշում քաջ նախնյաց առաքելությունը»,-ելույթի ընթացքում ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա նշեց, որ Մայր բուհի ուսանողական խորհրդի  եւ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հաճախ են կազմակերպվում ռազմահայրենասիրական եւ քրիստոնեական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ:

Պրոռեկտորը փաստեց, որ Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, Հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատքի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարների հիշատակը անմահ պահելուն զուգընթաց` նաեւ Արցախյան ազատամարտում նահատակված նոր Վարդանների անուններն են ոգեկոչվում. «Պատահական չէ, որ զոհված 27 համալսարանական ազատամարտիկներից հինգը Վարդան էին, եւ ի պատիվ նրանց եւ Ավարայրի Վարդանանց` Մայր բուհի հայրենասիրական դաստիարակության ակումբը  կոչվում է «Վարդանանք»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատությունների վերատեսուչ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը նշեց, որ վերջին երկու տարիներին ավանդույթ է դարձել Նորին Սրբության  անվանակոչությանը նվիրված հանդիսությունը կազմակերպել Գեւորգյան ճեմարանի եւ ԵՊՀ-ի համատեղ ծրագրով. «Այս երեւույթն իրապես իրադարձություն պետք է համարել մեր անկախ Հայաստանի հոգեւոր վերազարթոնքի գործընթացում, քանի որ այն  պատմական կարեւորություն է ներկայացնում ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի սերունդների դաստիարակության եւ հոգեւոր բնութագրի կերտման համար»:

Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով. «Չգրված օրենք է, որ ցանկացած հայ պետք է իմանա սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սահակ Պարթեւի, Մեսրոպ Մաշտոցի  եւ Վարդանանց պատմությունների մասին: Դրանք հիման վրա է կերտվել մեր ազգային ինքնությունը»:

Իր խոսքում Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին երկրորդը հիշատակեց, որ Վարդանանք աներկյուղ էին. «Նրանց չի ընկճել թշնամի զորքի թվաքանակը եւ առավելությունը, որովհետեւ նրանք գիտեին, որ պատերազմում թիվը չէ, որ հաղթանակ է արձանագրում: Այդ պատերազմում ոգին է զինվորին հաղթանակի առաջնորդում»:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ ԵՊՀ-ի երգչախմբերը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728