Լրահոս
Օրվա լրահոսը

Ենոքավանում աշխատող վրացի մենեջերը դատապարտվել է 3 տարի ազատազրկման

Փետրվար 07,2013 21:42

Ամբաստանյալն  իրեն մեղավոր չի համարում

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հունվարի 11-ին  Վրաստանի հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բնակվող, 1983թ.  ծնված Ջաբա Կաճախիձեին ՀՀ  քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»)  դատապարտել է  3 տարվա ազատազրկման:

Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ, Կաճախիձեն 2012թ հունիսից  Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» հանգստյան տանը աշխատում է  որպես մենեջեր:  Ուսանողների մի խումբ «Լույս» հիմնադրամի հովանու ներքո 2012թ. հուլիսի 10-ին գնացել են  «Ապագա տուր» հանգստյան տուն:  Հուլիսի 12-ի երեկոյան ուսանողները խոհանոցի առջեւի  բարից մոտ 10 մ հեռավորությամբ խնջույք են կազմակերպել. աղջիկներից մեկի ծննդյան օրն էր: Ուսանողները կեսգիշերին երաժշտությունը բարձր են միացրել: Հանգստյան տան  մենեջեր   Ջաբա Կաճախիձեն երաժշտության ձայնն իջեցնելու  պահանջ է ներկայացրել ուսանողներին, տեսելով, որ նրանք երաժշտության ձայնը չեն իջեցնում, հանել է ձայնարձակիչի  լարերը եւ իր հետ տարել:

Այդ  պատճառով զրույց է ունեցել նրա եւ  ուսանողների միջեւ, որի ժամանակ  Ջաբան աջ ձեռքին գտնվող ապակե բաժակով հարվածել է  Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված  Ալբերտ Ներզեթյանի դեմքին, վերջինիս դեմքին  պատճառվել է ծանր վնասվածք: Դեպքից հետո հանգստյան տան տնօրեն Արտակ Չիբուխչյանը տուժածին իր մեքենայով տեղափոխել է Իջեւանի  բժշկական կենտրոն: Ջաբա Կաճախիձեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարել, ասելով, որ Ալբերտ Ներզեթյանը փորձել է ոտքով հարվածել իրեն, հարվածը կանխելու համար ինքը  բնազդաբար, պաշտպանական  իներցիայով ձեռքը պարզել է նրա ուղղությամբ, որի հետեւանքով իր ձեռքում եղած բաժակը ջարդվել է՝ վնասելով Ներզեթյանի դեմքն ու իր ձեռքը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը արժանահավատ համարելով ամբաստանյալի այն փաստարկը, որ չի ցանկացել մարմնական վնասվածք պատճառել տուժողին, միաժամանակ արձանագրել է, որ ամբաստանյալը տուժողին հարվածել է գիտակցաբար, թույլ տալով վնասվածքի առաջացումը, ինչն անուղղակի դիտավորության դրսեւորում է եւ չի կարող նրա արարքի քրեաիրավական որակումը փոխելու հիմք հանդիսանալ:  Ջաբա Կաճախիձեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չբացակայելու մասին, դատարանն անփոփոխ է  թողել  մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը; Դատավճիռը կարող է  բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728