Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ Կապանում` նախագահական ընտրություններին ընդառաջ

Փետրվար 07,2013 21:21

Նախագահական ընտրություններին ընդառաջ այսօր հերթական բանավեճը կազմակերպվեց Կապանում, որին նախապես հրավիրված էին նախագահի բոլոր թեկնածուները, սակայն հերթական անգամ բանավեճն անցկացվեց միայն ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Թեկնածուների նախընտրական ծրագրերի, երկրում առկա մի շարք խնդիրների լուծման հնարավոր ուղիների, դրանց իրականացման ճանապարհների, ստվերային դաշտի վերացման, արտաքին քաղաքականության, արտագաղթի կասեցման եւ մի շարք այլ հարցեր  շոշափվեցին եւ քննարկվեցին բանավեճի ընթացքում:  Հանրապետական կուսակցության շրջանային խորհրդի նախագահ Վաչե Գրիգորյանը իր բացման խոսքում նշեց, որ  իր թիմակիցների,  կուսակիցների, համախոհների եւ համակիրների միջոցով օրենքի շրջանակներում  ամեն ինչ անելու են երկրի նախագահին սատարելու համար: «Չենք ուզում մյուս թեկնածուներին, որպես գործող նախագահի թիմ, ինչ-որ տեղ առաջ անցնել, ինչ-որ տեղ կարծիքներ թելադրել, օգտվել այս ամեն լծակներից, զուտ գաղափարախոսական դաշտում մենք կձգտենք համոզել մեր ժողովրդին, որպեսզի իրենց քվեն տան մեր թեկնածու պարոն Սերժ Սարգսյանին: Մեր երկիրը այն ժամանակ գտնվելով բարդ մակրոտնտեսական վիճակում, այնուամենայնիվ,  այդ տարիների ընթացքում, երբ երկրի նախագահ էր Սերժ Սարգսյանը, մեզ հաջողվեց պահպանել կայունություն եւ ճգնաժամից դուրս գալ առանց մեծ կորուստների: Այդ փուլն անցնելով, մենք կարծում ենք, որ պարոն Սարգսյանը կարող է նաեւ ապահովել Հայաստանի հետագա զարգացումն ու հզորացումը», – ասաց պարոն Գրիգորյանը:

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի  կողմնակից Սամվել Հայրապետյանը նշեց, որ քիչ առաջ իրեն տեղեկացրել են, որ անձնագրեր են հավաքում մարզկենտրոնում եւ պարոն Գրիգորյանին հարց ուղղեց,  թե ինչո՞ւ են Կապանում անձնագրերի տվյալներ հավաքում, ի՞նչ նպատակ է այն հետապնդում: Վաչե Գրիգորյանն էլ որպես մեկնաբանություն պատասախանեց, որ անձնագրերի տվյալներ հավաքելու անհրաժեշտություն ամենեւին չկա եւ իրականությանը չի համապատասխանում այդ ամենը: «Տեխնոլոգիական իմաստը չեմ կարողանում ըմբռնել, դրա անհրաժեշտությունը հատկապես չկա, բայց եթե այդպես լիներ,  ինչո՞ւ պետք է մի ամբողջ կուսակցություն, մի ամբողջ ընտրազանգված զբաղվեր ընտրություններով: Եթե այդքան հեշտ ճանապարհ կա, յուրաքանչյուրը կօգտվեր այդ ընձեռնված հնարավորությունից, բայց ես գտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը», -ավելացրեց Վ. Գրիգորյանը:

Որպես Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակից` բանավեճին ներկայացել էին միանգամից   2 ներկայացուցիչներ, որոնք լսարանին ներկայացրեցին թեկնածուի նախընտրական ծրագիրը,  տարբեր ոլորտներում նախատեսվող  փոփոխությունները եւ հնարավորինս փորձեցին պատասխանել մասնակիցների կողմից բարձրացվող  հարցերին:

Երիտասարդներից բաղկացած լսարանից հնչող հարցերը հիմնականում ուղղվում էր հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին, եւ ոչ թե մյուս կողմին:

Բանավեճի ընթացքում շոշափվող թեմաներից անմասն չմնացին նաեւ Կապանին մտահոգող մի շարք հիմնախնդիրներ, որոնք վերաբերում էին հանքարդյունաբերությանը, էկոլոգիային, խմելու ջրագծերի վրա ՀԷԿ-երի կառուցմանը եւ այլն:

Այս եւ այլ հարցերի շուրջ կառուցված եւ մեկ ժամից ավելի տեւած բանավեճն անցկացվեց «Իրավունքների տեղեկատվական կենտրոն», «Նորարարությունների զարգացման կենտրոն» եւ «Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ` «Մեր քվեն արժե ավելին» ծրագրի շրջանակներում, որին աջակցել են Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչությունը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Նմանատիպ մեկ բանավեճ օրերս կազմակերպվել էր նաեւ Գորիս քաղաքում` կրկին նախագահի նույն թեկնածուների աջակիցների մասնակցությամբ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728