Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ ստեղծված քաղաքական իրավիճակում ՀԱԿ-ն այլեւս չունի այն անելիքները, ինչ որ ուներ 4-5 տարի առաջ
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի համար միեւնույն է՝ թե ՀԱԿ-ն իր գործունեությունն ինչ կերպ կշարունակի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ իր կարծիքով ՀԱԿ-ի՝ կուսակցություն վերակազմավորվելը որեւէ նպատակ հետապնդո՞ւմ է, եւս մեկ կուսակցության գոյությունը հայաստանյան քաղաքական դաշտում իրավիճակ կփոխի՞, ասաց. «Իրենց գործն է՝ ինչպես պետք է շարունակեն իրենց քաղաքական ապագան: Եթե իրենք քննարկել են եւ գտել են, որ դա է ճիշտ ուղին՝ բարի ճանապարհ եմ մաղթում իրենց: Այստեղ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է իմ գնահատականը: Ուղղակի, պետք է ասեմ, որ արձանագրվել է փաստ. քաղաքական այն իրավիճակը, որն այսօր ձեւավորվել է, ՀԱԿ-ն այլեւս չունի այն անելիքները, ինչ որ ուներ 4-5 տարի առաջ»:
Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀԱԿ-ն իրեն սպառեց՝ հարցին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Քաղաքական, պատմական որոշակի ժամանակահատվածի եւ քաղաքական որոշակի ռեալությունների պայմաններում ՀԱԿ-ը գործեց: Այժմ այդ ռեալությունները չկան եւ չկա այն ներուժը. երեւի սա են նկատի ունեցել եւ ես իրենց ուղղակի պետք է մաղթեմ բարի ճանապարհ՝ հետագա գործունեության մեջ»:
Նախագահական ընտրություններին իր չմասնակցությունն առաջին նախագահը պատճառաբանեց տարիքային ցենզով, մինչդեռ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու եւ մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։ Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը»։ Հարցին՝ ինչպե՞ս հասկանալ տարիքային ցենզի գործոնը, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Այնպիսի քաղաքական իրավիճակում ենք ապրում եւ թե ի՞նչ կատարվեց այս ընթացքում, դա լուրջ վերլուծության կարիք ունի: Դրան կարելի է անդրադառնալ այս ընտրարշավից հետո: Ինչպես ասում են՝ նաեւ քաղաքական ճաշակին ընկեր չկա եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անելիքը, գնահատականն ու պատճառաբանությունները: Ուղղակի, պետք է ընդունել ի գիտություն եւ վերջ: Իսկ արդեն ընտրություններից հետո, կարծում եմ պահանջված կլինի վերլուծել, թե ի՞նչ կատարվեց Հայաստանի քաղաքական դաշտում, ովքե՞ր էին հիմնական դերակատարները, ի՞նչ արդյունք ունեցան, որպեսզի նաեւ այդ փորձից քաղաքական դասեր քաղենք ու կարողանանք քաղաքական դաշտը կայացնել կամ կայունացնել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ