Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում մեկ ժամից ավելի քննարկվեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Քննարկվող դիմումը՝ ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով, Մելիքյանի նախորդ դիմումի վերաձեւակերպված տարբերակն էր:
Հիշեցնենք, որ պարոն Մելիքյանի նախորդ դիմումը հանձնաժողովը մերժել էր:
Այս անգամ, ինչպես պարոն Մելիքյանն էր ներկայացնում իր պահանջը՝ կանխարգելել ընտրակեղծարարությունները՝ անկախությունից ի վեր Հայաստանից հեռացած քաղաքացիների թվային տվյալներ ներկայացնելու ճանապարհով:
Պարոն Մուկուչյանը պահանջի էությունը մինչեւ քննարկման ավարտը չհասկացավ: Նա մի քանի անգամ նախագահի թեկնածուից հետաքրքրվեց՝ ի՞նչ գործողություններ նկատի ունի նա՝ հանձնաժողովից պահանջելով կանխել ընտրակեղծարարությունները. «Դիմումով ասվում է՝ կանխել ընտրակեղծարարությունը, հիմա բութ դրա տակ ի՞նչ ենք հասկանում: Ի՞նչ է պահանջվում կանխել, ապագայում տեղի ունեցա՞ծը»:
Կարդացեք նաև
«Ստեղծել պայմաններ, որ ընտրությունների իրավաչափության նկատմամբ վստահություն լինի հանրության եւ թեկնածուների կողմից»,- բացատրեց պարոն Մելիքյանը:
Նույն հարցադրումները պարոն Մուկուչյանը տարբեր վերաձեւակերպումներով ներկայացրեց ավելի քան մեկ ժամ, իսկ ավելի նիստի ավարտին անկեղծացավ. «Անկեղծ ասեմ, այնուամենայնիվ, ինձ համար պահանջի հետ կապված մինչեւ վերջ հստակություն չմտցվեց: Փորձեցինք տարբեր եղանակներով ընկալել՝ ինչ է պահանջվում հանձնաժողովից, ուստի այս քննարկմամբ բավարարվենք: Փորձենք դիմումին անդրադառնալ ձեր կողմից պահանջի համատեքստում»:
Որոշման նախագիծը հրապարակելու համար, հանձնաժողովը առաջիկայում կրկին նիստ է հրավիրելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ