Քարակերտում Սերժ Սարգսյանի ոտքերի տակ կարմիր շլակ էին փռել
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը լուսաբանող գործընկերներս պատմել էին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի, մեղմ աած, ոչ բարոք ճանապարհների մասին: Ի դեպ գյուղի կենտրոնական ճանապարհը նաեւ Հայաստանի սահմանները միացնող միջպետական ճանապարհն է՝ 30 կմ երկարությամբ: Այդ ճանապարհի վերանորոգման հարցը երեկ քարակերտցիները նաեւ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի առջեւ բարձրացրեցին:
Երեկ, սակայն, այդ ճանապարհն էականորեն տարբերվում էր այն ճանապարհից, որով անցել էին Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրան ուղեկցող լրագրողները: Սերժ Սարգսյանի այցելության պատվին հենց նախորդ գիշերն այդ ճանապարհը կոսմետիկ նորոգվել էր՝ կարմիր շլակ էին լցրել եւ հավասարեցրել բոլոր անհարթությունները: Մեզ հետ զրույցի եւ այս ամենը պատմելու ընթացքում տեղացիներից մեկն էլ հումոր արեց. «Էս ընտրություններից մեզ էլ գոնե էս մնաց: Մեկ էլ հինգ տարի հետո տենանք ինչ կլնի»:
Պարզվում է, միայն գյուղի կենտրոնական փողոցն է «շլակապատվել», մյուս փողոցները ինչպես կային՝ այդպես էլ մնացել էին: «Լույսը օր կմարեն, լոդկեքն էլ չեն կրնա աշխատի»,- արդեն սեւ հումորի տարրերով շարունակեց գյուղամիջում Սերժ Սարգսյանի այցին սպասող տեղացիներից մեկը:
Պարզվեց, որ Քարակերտն էլ բացառություն չէ եւ ինչպես մնացյալ գյուղերում այստեղ էլ գյուղի կեսը «վարկի տակ է»։
Բայց ամենամեծ խնդիրն այստեղ խմելու ջրի խնդիրն է: Մարդիկ այստեղ ջուրը գնում են՝ 40 լիտրի դիմաց 200 դրամ վճարելով: Սակայն, նախագահի հետ հարցուպատասխանի ժամանակ ոչ ոք չխոսեց այդ մասին: Մեր հարցերին՝ ինչո՞ւ չեք բարձրաձայնում խնդիրը, տեղացիները պարզապես ժպտում ու լռում էին: Մեկն էլ համարձակվեց ու ասաց, որ «էս հմենը բմադրված շոու ա, ի՞նչ ասեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև