Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. «Մեր հրապարակումից 15 օր է անցել, որևէ հերքում չի եղել, հետևաբար մենք ճիշտ ենք»

Փետրվար 07,2013 18:40

Ի՞նչն է հիմք տվել «Ժողովուրդ»-ին կարծելու, որ Խ. Խաչատրյանի ետևում թաքնված են Բ. Բեգլարյանը, Մ. Մինասյանը, Վ. Սարգսյանը

«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը նոր հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ: Նա օրաթերթից պահանջում է ընդհանուր հաշվով 6,2 մլն դրամ փոխհատուցում:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը galatv.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ նշել էր.  «Մեր թերթի առաջին էջում մենք հրապարակել ենք  նրանց անունները՝ Միքայել Մինասյան, Բարսեղ Բեգլարյան եւ Վիգեն Սարգսյան… Ուշ թե շուտ պիտի իրենք հասկանան, որ Խաչիկ Խաչատրյանի տխրահռչակ դեմքի հետեւում թաքնվելով` չեն կարողանա երկար գաղտնի պահել իրենց գոյությունը: Եվ պետք է, ի վերջո, տղամարդկություն ունենան՝  հայտնելու մեզ, թե ինչ խնդիր ունեն «Ժողովուրդ» օրաթերթի հետ»:

Aravot.am-ը Թ. Թովմասյանից հետաքրքրվեց՝ այդ ի՞նչն է նրանց հիմք տվել հայտարարելու, որ «Խաչիկ Խաչատրյանի դեմքի հետեւում թաքնվում են» վերոնշյալ անձինք: Խմբագիրը պատասխանեց. «Փորձում ենք պարզել՝ ո՞ւմ է Խ. Խաչատրյանն իր ունեցվածքով պարտական: Տեսնում ենք, որ նա նշված մարդկանց՝ Բարսեղ Բեգլարյանի, Միքայել Մինասյանի, Վիգեն Սարգսյանի հովանավորությամբ է գործում, նրա բոլոր դժբախտությունները  և անհաջողությունները հարթել են նշված մարդիկ, հաջողությունների համար  Խաչիկ Խաչատրյանը պարտական է այդ մարդկանց: Եվ այն անվնաս օգտագործելու համար պարտական է հենց այդ մարդկանց: Մեր հրապարակումից մոտ տասնհինգ օր է այս կապակցությամբ որևէ  հերքում չի եղել, հետևաբար մենք ճիշտ ենք: Մեր քայլերը լինելու են միայն իրավական դաշտում: Վաղը կլսվի մեր միջնորդությունը գույքի արգելանքի վերաբերյալ: Երեք օր՝ փետրվարի  20,21,22-ին, դատարաններում ենք լինելու, տեսնենք դատարանն ինչ կանի: Երբ Խ. Խաչատրյանը մեր լրագրողին վիրավորեց դեկտեմբերի 28-ին, հանկարծ հունվարի 10-ին հիշեց, որ ինքը մեկ ամիս առաջ արված հրապարակումից  վիրավորվել է և դեկտեմբերի 11-ին հրապարակման վերաբերյալ հայց ներկայացրեց: Երկրորդը 12-ի հրապարակման մասին է: Այսպես նա բոլոր նյութերի համար դատական հայց է ներկայացնում: Սրա գնահատականն այն պարզ իրողությունն է, որ այդ մարդկանց անհրաժեշտ է օրաթերթին դնել սահմանափակումների մեջ: Խոչընդոտելը պարտադիր չէ, որ գան մեր ձեռքից բռնեն: Ի վերջո,  մենք ազատ և ժողովրդավար արժեքներ հռչակած երկիր ենք: Իրենք չեն կարող գալ ձեռքից  բռնել: Բայց նրանք բանեցնում են հոգեբանական հնարքներ՝ զուգորդված  իրավական գործողություններով, որպեսզի  մենք դադարեցնենք, կամ առնվազն վատ աշխատենք: Մեզ համար շատ տհաճ է և մեր գործունեությանը խոչընդոտում է, որ անընդհատ պետք է նամակագրությամբ զբաղվենք: Մյուս կողմից էլ հոգեբանական իրավիճակը, որ մեր գույքը մեր տնօրինության տակ չէ: Դրանից ավելի այս պահին այս իշխանությունը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ, եթե կարողանար կաներ»:

Aravot.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Խ. Խաչատրյանից: Սակայն ողջ օրվա ընթացքում չհաջողվեց նրա հետ կապ հաստատել: Ուստի պատրաստ ենք տպագրել նաև նրա պարզաբանումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728