Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Երկրի նախագահն իր կարգախոսով խոստովանում է , որ Հայաստանում հիմա ապահով չէ»

Փետրվար 07,2013 18:25

Հոգեբան Աշոտ Հակոբյանը թեկնածուների կարգախոսները մասնագիտական  վերլուծության է ենթարկում

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը, խոսելով Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան»  կարգախոսի մասին, ասաց. «Ես չգիտեմ, թե այս կարգախոսը  ինչպե՞ս է ստացվել, թեև դա էական էլ չէ,  կարևորն  այն է, որ քաղաքական գործիչը և նրան շրջապատող մարդիկ իրենք իրենց, թեկուզև անգիտակցորեն խոստովանում են, որ  Հայաստանի Հանրապետությունում հիմա ապահով չէ: Այսինքն մենք փաստեցինք,  որ Հայաստանի Հանրապետությունում ապահով վիճակ չկա, եթե ապահով  է, ինչո՞ւ ենք քայլում դեպի ապահով Հայաստան: Գուցե պետք էր  ասել` «Դեպի առավել ապահով Հայաստա՞ն»:Այսինքն գնահատականը արդեն տրվում է ` ՀՀ-ում այս պահին ապահով չէ: Քաղաքացու համար ի՞նչ ոլորտներում կարող է ապահով չլինել, բնական է, առաջին հերթին պետք է վերցնել գոնե իրենց տրամաբանությամբ սոցիալ-տնտեսական վիճակը, մշակութային հարաբերությունների դաշտը: Իմ պատկերացումներում  առաջին տեղում ես կդնեի   օրինականության վիճակը, որովհետև մեր երկրում չկա ընդհանուր գործող արդարության սկզբունք, որը խոստովանում է Սերժ Սարգսյան նախագահի թեկնածուն: Հայաստանի Հանրապետությունում ապահով չէ, հետևաբար և մենք պետք է ներդրումներ կատարենք, որ գանք ապահով վիճակի: Միանգամից հարց է առաջանում. չէ՞ որ դուք երկիրը հինգ տարի ուղղորդել եք, վերջապես դուք իշխանական թևերի ինտեգրող և նրանց համակարգող ինստիտուտն էիք: 5 տարի գործունությունից հետո դուք խոստովանում եք, որ Հայաստանի Հանրապետությունում հիմա ապահով չէ՞: Եվ հետևաբար  Հայաստանի քաղաքացու մոտ որտեղի՞ց պիտի կազմավորվի հավատը, որ ընթացիկ հինգ տարվա ընթացքում դուք այդ նպատակին կհասնեք: Առավել ևս, որ դուք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ապահովության երաշխիքն եք: Եվ դա է նախագահի երդման տեքստի բառերը, որ ինքը երաշխավորն է հանդիսանում ՀՀ անվտանգության, քաղաքացիների պաշտպանվածության և այլն և այլն», -վերլուծում է հոգեբանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի «Հնարավոր է…» կարգախոսին` Աշոտ Հակոբյանը այն ևս  վերացական է համարում: «Հնարավոր է, իհարկե հնարավոր է, բայց հնարավորության հանգամանքը փիլիսոփայության մեջ գնահատվում է մի քանի մակարդակների մեջ: Հնարավորությունը   վերացական է, եթե վերացական հնարավորությանը նայեք, ապա հնարավոր է այն ամենը, ինչը իրեն չի հակասում: Եվ հետևաբար կարող էր  այս թեկնածուն այս տրամաբանության վրա կառուցել , որ այո` հնարավոր է, որովհետև ասածների մեջ ոչ մի հանգամանքը մյուս հանգամանքի հետ հակասության մեջ  չէ: Հասկացանք, վերացական հնարավորությունը կա, բայց սրա կողքին գոյություն ունի ռեալ, իրական  հնարավորությունը: Վերացական հնարավորությունը  դառնում է իրական հնարավորւթյուն այն դեպքում, երբ  վերացական հնարավորությունները  իրականություն դարձնելու համար պայմաններ են ստեղծվում: Տվյալ թեկնածուին հարց պետք էր տալ. «Այո’, հնարավո’ր է, իսկ  հավանականությունը ինչքա՞ն է: Իսկ եթե հավանականությունը խիստ ցածր է, ո՞ւր ենք գնում»: Հնարավոր էր ի՞նչ  անել, վերափոխել և այլն և այլն: Հետո ինքը կասի` ի՞նչ պետք է անել էդ հնարավորությունը իրականություն դարձնելու համար: Բայց դատողություների նախասկիզբը մի կարճ բառ է` « եթե»,  իսկ քաղաքականությունը «եթե»,   չի սիրում, եթե էսպես, ուրեմն էսպես կլինի: «Հնարավոր է, եթե սա մենք անենք միասին», այ կարգախոսների մեջ էդ «եթե»-ն չկա »,- ասում է հոգեբանը: Ըստ նրա,  այդ «եթե»-ն իրականություն դարձնելու համար  ոչ թե «100 քայլ» է անհրաժեշտ, այլ պետք է ասել առաջին քայլը: Իսկ այն անտեսանելի է ցանկացած մեկի ծրագրում, մինչդեռ առաջին քայլը աննշան շեղում անգամ չպետք է ունենա, այլապես նշանակետին հասնել անհնար է:

Ըստ մեր զրուցակցի, առաջին քայլն է,  որ կարող է համախմբել հասարակությանը: Այլապես 100 քայլ կլինի, թե 1000 քայլ, խոսելն անիմաստ է, քանի որ չկա առաջին քայլը:  Իսկ այժմ ստացվում է , որ բոլորի ներդրումը  միտված է անձնական  շահի ձեռքբերմանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728