Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն Մայր Աթոռում

Փետրվար 07,2013 17:39

Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն: Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել էին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան ճեմարանի դասախոսներ և Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ:

Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով, ով մասնավորապես ընդգծեց տոնի պատմական կարևորությունն ինչպես ներկայի, այնպես և ապագայի սերունդների հայեցի դաստիարակության և ոգու կերտման համար: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ պրոռեկտոր տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը`ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհավորելով Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա առիթով:

Միջոցառման մասնակիցներին Վարդանանց սխրագործության մասին բանախոսություն ներկայացրեց ճեմարանի դասախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիս Հարությունյանը: Հանդիսության ընթացքում հոգևոր ու հայրենասիրական երգերով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի Պետական համալսարանի երգչախմբերը, ներկայացվեցին նաև Ավարայրի հերոսներին նվիրված բանաստեղծություններ:

Գեղեցիկ  ավանդույթ դարձած այս միջոցառման ավարտին ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը տոնը հայորդիների ուխտի նորոգության օր նկատեց` ներշնչվելու և ապրելու Վարդանանց սխրանքով, նրանց օրինակով առաջնորդվելու և իրականացնելու իրենց առաքելությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ  Վարդանանց արյունով սրբագործվեց հայրենի հողը, կերտվեց հայ ժողովրդի հարատևության խորհուրդը` ապրելու և գործելու հանուն Հայրենիքի և հավատքի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին կյանքում ընթանալ Վարդանանց ոգով, որն իր մեջ կրում է հայրենասիրության ու աստվածսիրության խորհուրդը, և տոնի խորհուրդը նկատելով որպես իրենց ուղղված Վարդանանց պատգամ` այն կենսագործել ամենօրյա կյանքում:

Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Համալսարանի ղեկավարությանն ու Ճեմարանի տեսչությանը ոգեշնչող միջոցառման կազմակերպման համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728