«Ծրագիրը նպատակ ուներ առավելագույնս իրավական օժանդակություն ցուցաբերել ընտրողին, ինչպես նաև ընտրական գործընթացներին մասնակցող բոլոր այլ անձանց: Նպատակին հասնելու համար կազմակերպությունը ակտիվ համագործակցություն ծավալեց դիտորդական առաքելություն իրականացնող հ/կ-ների, վստահված անձանց ու լրագրողների հետ, որոնք անմիջական վերահսկողություն էին իրականացնում ընտրությունների նկատմամբ»,-այս մասին ասաց «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան» ծրագրերի գծով տնօրեն, քննարկման վարող Դավիթ Ամիրյանը:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն (ԻՊԱՍ), Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության աջակցությամբ՝ 2012 թվականի ապրիլից հուլիս ամիսներին նախաձեռնել ու իրականացրել է «Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը: Իրականացնելով ծրագիրը, կազմակերպությունը հեռահար նպատակ էր հետապնդում ապահովել ՀՀ-ում ընտրությունների իրավական երաշխիքները, այն է՝ նպաստել ընտրությունների` ՀՀ օրենսդրությանն ու արդար և թափանցիկ ընտրությունների միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացմանը, ինչպես նաև հանրության ուշադրությանը ներկայացվեց «Պատրաստ եմ ընտրության» ծրագրի հաշվետվություն-զեկույցը և արձանագրած արդյունքները:
Սիրանուշ Սահակյանը հանդիսանալով «Պատրաստ եմ ընտրության» ծրագրի ղեկավար, ամփոփ ներկայացրեց արձանագրած արդյունքները. «Ծրագրի իրավաբանները, ըստ իրենց նախաձեռնության, այցելել են 512, իսկ ահազանգի արդյունքում` 83 ընտրատեղամաս: Կազմակերպության գլխամասային գրասենյակ ստացվել է 53 ահազանգ: Դրանցից 40-ը եղել է քաղաքացիներից, 3-ը` դիտորդներից, 8-ը` վստահված անձանցից ու կուսակցությունների շտաբներից, մեկական` հանձնաժողովի անդամից և լրագրողից: Իրավաբանների կողմից ստացված ահազանգերի ընդհանուր թիվը կազմել է 378, որից 361-ը` միայն ընտրությունների օրը: Ընդհանուր առմամբ, իրավական խորհրդատվություն է տրամադրվել 406 անձի»,-ասաց Սիրանուշ Սահակյանը, հավելելով, որ կազմակերպությունը ԿԸՀ է ներկայացրել 24 դիմում-բողոք, որտեղ կազմակերպությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել է 8 պատասխան գրություն:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ նշեց. «Արդյոք իշխանությունները փոխվո՞ւմ են այս ընտրական մեխանիզմներով: Եթե ընտրական մեխանիզմներով իշխանությունը չի փոխվում, հետևաբար գործընթացը այս ընտրական իրավունքով իրացված չի»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Ծրագրի հաշվետվության ավարտին ծրագրի մասնակիցները եկել են այն եզրահանգման, որ 2012 թվականի ԱԺ ընտրություներն ընթացել են մի շարք ընտրախախտումներով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն անդրադառնալով քննարկմանը և քննարկման ընթացքում բարձրաձայնված ընտրախախտումներին, ասաց, որ նմանատիպ քննարկումներ պետք է կազմակերպվել ընտրություններից մի քանի օր անց, այլ ոչ թե այսքան ուշացումով, ինչ վերաբերում է 2012 թվականին տեղի ունեցած ընտրախախտումներին, պրն Սմբատյանն ասաց. «Պետք է տարանջատել խախտում և կեղծիք բառերը, որովհետև դրանք տարբեր հասկացություններ են և չի կարող ընտրական համակարգում ընտրախախտումներ չլինել, քանի որ մեկ օրում 1 մլն 500 հազ. մարդ գտնվում են իրավահարաբերության մեջ»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ