Քաղտեխնոլոգը խորհուրդ չի տալիս ընդդիմադիրներին միավորվել
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկեց, որ հանդիպումներ է ունենում Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ` միասին քննարկելու «Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի»:
Այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահեցրեց, որ նրանց միավորումն անիմաստ է. «Եթե գործող նախագահը 100 բալանոց համակարգում ունի 60 բալ, մյուսներն ունեն 5-5 բալ, եթե նրանք միավորվեն, ստացվում է 15 բալ: Չնայած քաղաքականությունը մեխանիկական թվերի գումար չէ, բայց եթե նրանք ունենում են 15 բալ, գործող նախագահը` 60, ո՞վ է ամենաշատը` գործող նախագահը»:
Մենք ճշտեցինք` այսինքն, ամեն դեպքում Սերժ Սարգսյանը կհաղթի՞` նա պատասխանեց. «Ոչ թե կհաղթի, այլ կդառնա: Հաղթում են ընտրությունների ժամանակ, դառնում են նկարչության ժամանակ:
Կարդացեք նաև
Միավորումն անհնար է: Միավորվում են այն երկրներում, որտեղ կա իրական ընտրություն: Հայաստանում իրական ընտրություն չկա: Երկրորդ փուլում է դա լինում եւ այն դեպքում, երբ թեկնածուները գրեթե նույն կերպարն են ունենում, որպեսզի միավորեն ընտրազանգվածները: Հայաստանում դա չկա: Թեկնածուներից ամեն մեկը տարբեր տեսակետներ, տարբեր կերպարներ ունի: Այդ իսկ պատճառով միավորում եթե անգամ տեղի ունենա, կլինի մեխանիկական միավորում, իսկ մեխանիկական միավորումը ընտրազանգվածի մեխանիկական գումարում չի բերում: Ընդհակառակը: Կարող են միանան, եւ ավելի քիչ ձայներ ստանան, քան ամեն մեկը` առանձին-առանձին: Օրինակ, պատկերացրեք ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միավորումը` մեկ թեկնածուի շուրջ: Դաշնակցությունը ծովից ծով Հայաստան է ուզում, իսկ Հայ ազգային կոնգրեսը ծովից ծով Հայաստան չի ուզում: Եթե մեկ թեկնածու առաջ բերեն, ո’չ ՀԱԿ-ի ընտրազանգվածն է միասնական դաշնակցական թեկնածուին ձայն տալու, ոչ էլ ՀՅԴ-ի ընտրազանգվածն է ՀԱԿ-ի միասնական թեկնածուին ձայն տալու»:
Մեր դիտարկմանը` Դուք մտածում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը շատ տարբեր են իրարից, դրա համար չե՞ն միավորվի` քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ոչ թե տարբեր են, նրանք ընտրազանգվածներ չունեն: Այ դա է խնդիրը: Երբ որ նրանք ունեն 2-3 բալանոց ընտրազանգվածներ, երբ որ գումարում ես 2+2…., թեկուզ` 5+5+5, ստանում ես 15, մյուսը ունի 65»:
Նա վստահեցրեց, որ միավորվելով էլ ժողովրդին ոտքի հանել չի լինի. «Հայ ժողովուրդը երբ տեսնում է ճգնաժամ է, կրիտիկական վիճակ է, ինքը հեռանում է: Մի բան հասկացեք` դուք չեք կարող հասարակությանը խաբել: Ինչքան էլ ասեք` ընտրությունները մրցակցային են, տեսեք Բագրատյանն ինչ է անում, տեսեք Րաֆֆին ինչ է անում, հասարակությունը բոլորից խելոք է: Նա քաղաքագիտական ուղեղ չունի, բայց բնազդաբար տեսնում է` սա ուժե՞ղ է, թե՞ ուժեղ չէ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրա համար ԲՀԿ-ն այդքան ձայն հավաքեց, որովհետեւ հասարակության մի մասը, որին անգամ գումար էլ չտային, նորից գնալու էր ԲՀԿ-ին ընտրեր, որովհետեւ տեսավ` ԲՀԿ-ն այն ուժն է, որը կարող է այս իշխանություններին հաղթել: Այսօր հասարակությունն այդ ուժերին չի տեսնում, դրա համար աժիոտաժ չկար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ