Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիպլոմն օժիտիս մեջ հաստատ չեմ դնելու». Ամուսնության լավագույն տարիքը

Փետրվար 07,2013 16:19

«Ամուսնությունը պետք է լինի անվերջանալի փոխադարձ դաստիարակություն», – ասել է Ամիելը, սակայն այդ փոխադարձ դաստիարակությունն ընկալել ոչ բոլորն են կարողանում, դրանում իր դերի ու նշանակության չափաբաժինն ունի նաև տարիքը: Ո՞ր տարիքում են ցանկանում ամուսնանալ հայ երիտասարդները, և ո՞ր տարիքն է իրականում ճիշտ ամուսնության համար՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:

17-19 տարեկանում ամուսնանալ ցանկացողների թիվը շատ չէ, այստեղից կարելի է ենթադրել, որ ժամանականերն իրոք ամեն ինչ փոխել են. եթե նախկինում 18 տարեկան չամուսնացած աղջիկն արդեն «տանը մնացած» էր իրեն զգում, ապա այսօր շատ քչերն են ցանկանում այդ տարիքում ամուսնանալ. «Դեռ դպրոցական եմ, ուսումս պետք է շարունակեմ, համալսարան ընդունվեմ… նպատակներս շատ են, իսկ ամուսնանալու համար դեռ շատ վաղ է, փոքր եմ», – կարծում է 18-ամյա Քնարիկը:

Երիտասարդներից շատերը ցանկանում են ամուսնանալ 20-23 տարեկան հասակում: Սա էլ մի պահ հիշեցնում է համալսարանական կրթությունն ավարտելու ու դիպլոմը օժիտի մեջ դնելու շատերի ցանկության մասին, այդպիսի նպատակ ունեցողներից մեկն էլ 19-ամյա Լուսինեն է. «Գյուղերում ընդհանրապես ավելի շուտ են ամուսնանում, քան քաղաքում, – ասում է նա, – դա այնքան էլ մեր մեղքով չէ, եթե բարձրագույն կրթությունդ ավարտում ես ու չես ամուսնանում, սկսում են այլ աչքով նայել, դրա համար ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար ես էլ կավարտեմ ու կմտածեմ արդեն ամուսնության մասին»: 21-ամյա Զարուհին, սակայն, ամենևին էլ համակարծիք չէ. «Պարզապես այդ տարիքում մարդն արդեն հասուն ու ինչ-որ չափով նաև կայացած է լինում, կարող է որոշումներ կայացնել, ընտանիք կազմել… սակայն ինչ վերաբերում է դիպլոմն օժիտի մեջ դնելուն, ես երբևէ նման միտք չեմ ունեցել, կրթություն եմ ստացել, որովհետև մարդ պետք է կիրթ ու խելացի լինի, որ կարողանա իր երեխաներին ճիշտ դաստիարակություն տա, թե չէ դիպլոմն օժիտիս մեջ հաստատ չեմ դնելու», – ասում է նա:

«Առավոտ երիտասարդականի» անցկացրած հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ երիտասարդների մեծ մասը ցանկանում է ամուսնանալ 23-27 տարեկան հասակում:

Պարզվում է ըստ ամերիկացի գիտնականների դա լավագույն տարիքն է ընտանիք կազմելու համար: Ամերիկացի մասնագետները հարցում են անցկացրել, ինչպես նաև հետազոտել են ամուսնությունների ու ապահարզանների վիճակագրությունը և պարզել, որ եթե ընտանիքը կազմվում է 23-27 տարեկանում, ապա ավելի հավանական է, որ զույգը միասին կապրի մինչև խոր ծերություն, այս մասին հայտնել է Росбалт-ը՝ նշելով նաև, որ գիտնականները միևնույն ժամանակ չեն բացառում, որ երջանիկ կարող են լինել այլ տարիքում ընտանիք կազմած զույգերը: Սակայն թվերը ցույց են տալիս, որ այլ տարիքում զույգերը հազվադեպ են միասին երկար ու երջանիկ ապրում: Ինչ վերաբերում է երեխա ունենալուն, այս տարիքը ևս ամենանպաստավորն է, քանի որ այս տարիքի կնոջ օրգանիզմը ֆիզիոլոգապես պատրաստ է առողջ օրգանիզմ ունենալուն:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728