Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրողները որա՞կ են գնում (Տեսանյութ)

Փետրվար 07,2013 16:05

Որոշ արտադրողներ էլ ընկերակցությունից, պարզապես գումարի դիմաց, առանց ստուգվելու են որակի ապրանքանիշ ուզել, սակայն նրանց նույնպես մերժել են:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները հայրենական արտադրության որակի բարձրացման նպատակով ծրագիր են իրականացնում: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության»  ղեկավար Մելիտա Հակոբյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները:

Ըստ տիկին Հակոբյանի, 5-6 հայրենական արտադրող ստացել է ընկերակցության ապրանքանիշը, որը կվկայի նրա արտադրանքի որակյալ լինելու մասին: Դրանք, մասնավորապես` երշիկեղեն արտադրող ընկերություններ են, որակավորվել է նաեւ ոչ պարենային ապրանք արտադրող ընկերություն, որի արտադրանքը` մարտկոցները, ըստ տիկին Հակոբյանի, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն:

Մելիտա Հակոբյանի վստահեցմամբ, արտադրողի ապրանքը սպառողների պաշտպանների կողմից ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, մասնագետների կողմից` համտեսի, որից հետո նոր միայն վաստակել են որակի ապրանքանիշը: Լրագրողներից մեկի հարցին, թե հայրենական արտադրողները վճարո՞ւմ են ապրանքանիշի համար, տիկին Հակոբյանն ասաց, որ «սիմվոլիկ գումար»: Իսկ թե որքան է այդ գումարը, սպառողների պաշտպանը չհրապարակեց:

«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Միլետա Արիստակեսյանը, սպառողներին վստահեցնելու համար, որ արտադրողներն ապրանքանիշն իսկապես արդար ճանապարհով են վաստակել, մատնացույց արեց կարմիր թղթապանակները, որտեղ ամեն արտադրողի արտադրանքի մասին մանրազնին տեղեկատվություն կար:

Սպառողների պաշտպանների հավաստիացումները` տեսանյութում

Տիկին Հակոբյանը նաեւ ասաց, որ մի շարք արտադրողներ հրաժարվել են որակավորվելուց, սակայն որոշներն էլ միանգամից 10 ապրանքատեսակի համար ցանկացել են ձեռքբերել, սակայն սպառողների պաշտպանները մերժել են` ասելով, որ այդքան մասնագետ չունեն, որպեսզի կարողանան ստուգել ապրանքների որակը: Որոշ արտադրողներ էլ ընկերակցությունից, պարզապես, գումարի դիմաց, առանց ստուգվելու են որակի ապրանքանիշ ուզել, սակայն նրանց նույնպես մերժել են:

Մարքեթոլոգ Ռուբեն Հայթյանի տեղեկատվությամբ, ստուգել են 1430 առեւտրային մեծ ու փոքր օբյեկտների գործընթաց եւ պարզել, որ կաթնամթերքի, մսամթերքի, պաղպաղակի 98 %-ը տեղական արտադրության է: Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ տեղական արտադրության շատ լավ հրուշակեղեն ունենք, սակայն կան այնպիսի արտադրողներ, որոնք առանց մակնշման, առանց համապատասխան փաթեթավորման արտադրանք են մատակարարում խանութներին:

Հյութերի ու ըմպելիքների շուկայում 30-40 %-ն է տեղական, մնացածը ներկրվում է, որոնց որակի առնչությամբ, սպառողների պաշտպանները կասկածներ հայտնեցին` կոչ անելով գնել հայրենական արտադրանքը, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում, գոնե հասցեական լինի եւ կարողանան գտնել արտադրողին:

Հացի շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեռեւս մի շարք խանութներ շարունակում են հացամթերք ստանալ ավտոմեքենայի բեռնախցիկից, հացամթերքի վրայից էլ բացակայում են արտադրության, պիտանելիության ժամկետները, արտադրողի անունը եւ հասցեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728