«Մեր եւ ձեր համալսարանների միջեւ կամուրջ կառուցելու համար նմանատիպ ծրագրերը հրաշալի են: Գումար հայթայթելը մեծ խնդիր է, սակայն երկրորդական` առաջնայինն այն է, որ հանճարեղ մարդկանց պետք է մի վայրում հավաքել ու աշխատել, պոտենցիալ ուժն ու մարդկայնությունը ամենակարեւորն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով Հայաստանում գտնվող Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի Fool Professor և Լոնդոնի Արքայական քոլեջի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլենը:
Շուտով ՀՀ-ում տեղի է ունենալու Լյուվենի Նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտական կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությունը: Այդ առիթով պրոֆեսորը նշեց, որ քայլերն օր օրի ավելանում են, նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում գիտությունն առաջխաղացում ունենա: Խոչընդոտներ կան, բայց աշխատանքը գրեթե արված է: Ունենալով այսպիսի հզոր ուղեղներ՝ Հայաստանն էլ կլինի աշխարհի առաջադեմ համալսարաններից մեկը.
«Ես ապահովված եմ ամեն ինչով եւ կանեմ այնպես, որ հայերը այս բնագավառում առաջ գնան, քանի որ իմ գործընկերը հայ է»:
Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանի համոզմամբ՝ Բելգիայի պրոֆեսորները զարմացած են, որ հայերի մեջ այդքան ցանկություն ու սեր կա իրենց աշխատանքի նկատմամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է կարողանալ համատեղ իրագործել գիտական նախագծեր, քանի որ հյուրերի կողմից ցանկությունը մեծ է.
«Այսուհետ առավել ակտիվ ենք շարունակելու աշխատանքները՝ ներգրավելով երիտասարդ կադրերի: Ապրիլ ամսին փոխադարձ կերպով հայ երիտասարդ գիտնականները կմեկնեն Բելգիա: Կկնքվի պայմանագիր, տեղի կունենա խոսքից գործի անցում: Փայլուն ռեսուրս ունենք, սակայն այն օգտագործելու համար ֆինանսավորումն է կարեւոր»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ