WBO վարկածով 1-ին կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոները հաջորդ մենամարտը պետք է անցկացնի ապրիլի 13-ին: Ենթադրվում է, որ այդ օրը Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում նրա մրցակիցը լինելու է կուբացի Գիլյերմո Ռիգոնդոն: Սակայն ամերիկացի հայտնի մեկնաբան Սթիվ Քիմը տեղեկացրել է, թե Ռիգոնդոն հերթական անգամ փոխում է մարզչին եւ ամենայն հավանականությամբ կհրաժարվի Դոների հետ մարտից եւ $ 750 հազար հոնորարից:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մարտի համար որպես Ռիգոնդոյի փոխարինող քննարկվել է երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի թեկնածությունը եւ վերջինը հայտարարել է, թե ուրախությամբ կընդունի մարտահրավերը: «Ես Դոների հետ ավելի շուտ հանդիպելու իրավունք եմ վաստակել, քան Ռիգոնդոյի նման ապակե ծնոտով պարկը: Նա ո՞վ է ընդհանրապես, որ Դոների հետ ռինգ մտնի: Նա ոչինչ չի արել: Նա կռվում է բոմժերի հետ, իսկ նրա ծնոտը ձվի կեղեւի է նման: Գուցե, ես է՞լ ժամանակին պետք է մենամարտեի նրա նման պարկերի հետ, որպեսզի հարգանք վայելեի: Այդ դեպքում ես մինչեւ հիմա կմնայի անպարտելի», – Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Fightnews.com»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ